Բաժիններ՝

«Կապիտալ ծախսերի թերակատարման բաղադրիչներից մեկը կառավարության չափազանց զգուշավորությունն է». Արտակ Մանուկյան

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը կապիտալ ծախսերի թերակատարման 2 բաղադրիչ է տեսնում։ 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արտաքին պարտքի և կապիտալ ծախսերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, Մանուկյանը նշեց, որ այդ բաղադրիչներից մեկն արդյունավետության բարձրացումն է, օրինակ՝ նույն ճանապարհաշինության հարցում նախկինում կոռուպցիոն ռիսկեր և անարդյունավետ ծախսեր կային և այլ հավասար պայմաններում այդ նույն 1 կմ-ն   բերում էր ավելի թանկ կամ որակի ավելի նվազ արդյունավետության, ներկայումս այդ արդյունավետությունը բարձրացել է՝ հանգեցնելով, պայմանական ասած, խնայողությունների։

Երկրորդ բաղադրիչը, ըստ նրա, կառավարության չափազանց զգուշավորությունն է. «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է ռազմավարական լուծումներ գտնելու կապիտալ ծախսերի տակ, որը որոշակիորեն կարագացնի տնտեսական աճը, որովհետև եթե կապիտալ ծախսերի թերակատարում կա, սա այնուհանդերձ անդրադառնալու է տնտեսական աճի թուլացման վրա»։

Ա.Մանուկյանը նշեց, որ պետական պարտքի, հատկապես՝ դրա արտաքին բաղադրիչի նվազումը կանխատեսելի սցենար է, և Ֆինանսների նախարարության տեղեկագրերում հստակ երևում է, որ ՀՆԱ աճն առաջանցիկ է լինելու, քան մեր կողմից պետական պարտքի ներգրավման ծավալը.

«Այս պայմաններում մենք ներկայումս մի փոքր ավելի արագություն ունենք այս մասով, քանի որ նախկինում տարատեսակ դոնորներից վերցված այն ծրագրերը, որոնցում կային նաև կապիտալ ծախսեր, բայց որոնք ունեին ցածր արդյունավետություն, հիմա վերանայվում են և ընտրվում են միայն այն ծրագրերը, որոնք բարձր արդյունավետություն ունեն։ Եվ երբ մենք երկարաժամկետ ռազմավարությունը կազմենք, սա անխոս պահանջելու է է՛լ ավելի մեծ տեմպերով կապիտալ ծախսերի իրականացում»։

Դիտարկմանը, որ այս տարվա կապիտալ ծախսերը ծրագրվել էին անցած տարի ներկայիս կառավարության կողմից, արդյո՞ք սխալ հաշվարկ է իրականացվել, եթե թերակատարում կա, Ա.Մանուկյանը պատասխանեց.

«Ճիշտ ու սխալի հարց չկա։ Մի մասը ես ասացի՝ կարողացել են այդ ծախսային ուղղությունն իրականացնել ավելի արդյունավետ և ավելի նվազ կոռուպցիոն ռիսկերով։ Եվ մի մասն էլ պայմանավորված է նրանով, որ դեռևս այդ ռազմավարությունների նախագծումն ու կենսագործումը կարծես որոշակիորեն դանդաղում է»։

Պատգամավորը նկատեց, որ ծրագրերի կատարողականի մասին լիարժեքորեն կարելի է դատել տարվա վերջին, քանի որ որոշ դեպքերում նաև սեզոնայնության խնդիր կա։ Ա.Մանուկյանը հիշեցրեց վարչապետի հանձնարարությունը՝ կապիտալ ծախսերի ռազմավարական լուծումները հնարավորինս արագ մշակվեն և իրականացվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս