Բաժիններ՝

Վարորդներն այլևս ստիպված չեն լինի սպասել ՃՈ և ԱՊՊԱ աշխատակիցներին

«Բոլոր այն վայրերում, որտեղ  տեղադրված կլինեն  տեսավերահսկման սարքեր, պարտադիր չի լինի ՃՈ և ԱՊՊԱ աշխատակիցներին հրավիրելը, որը տևական ժամանակ է պահանջում և լրացուցիչ խցանումների պատճառ է հանդիսանում:

Նման դեպքերում մեր օպերատորները  կֆիքսեն տեսանյութը, կառանձնացնեն և էլեկտրոնային ճանապարհով կուղարկեն  ԱՊՊԱ ընկերություններին, իսկ վարորդները կկարողանան մեքենաները հանել բանուկ մասից՝ դրանով իսկ կանխելով խցանումները ճանապարհներին»,- այս մասին սեպտեմբերի 10-ին «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս կերպ ավելի կարագանա գործընթացը:

«Այլևս անհարժեշտ չի լինի, որ ճանապարհային ոստիկանը գնա, հավաքագրի, միանգամից տեսաձայնագրման միջոցով փորձագետները կտեսնեն: Սա թույլ կտա խուսափել խցանումներից: Խոսքը հիմնականում կահավորված խաչմերուկներում տեղի ունեցող վթարների մասին է»,- ասաց Տիգրան Քեյանը:

Ինչ վերաբերում է տեսախցիկները շատացնելուն՝ նկատեց. «Տեսախցիկները, առհասարակ, միայն երթևեկության կանոններ չպետք է ֆիքսեն, պետք է հսկողություն իրականացնեն, այլ իրավախախտումներ հայտնաբերեն՝ կլինի գողություն, ծեծկռտուք, և այլն: Տեսախցիկները հասարակության վերահսկողություն պետք է իրականացնեն՝ անվտանգության ապահովման համար: Դրանք եթե նպատակին ծառայեն, վատ չէ: Առհասարակ, մարդիկ մինչև դիմում են ոստիկանություն, ձայնագրությունները չեն պահպանվում, որովհետև մենք գիտենք, որ դրանք սերվերի տարողունակությունից 48 ժամ հետո վերանում են»:

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրներից Դավիթ Պեդանյանի կարծիքով էլ՝  եթե անհամաձայնություն կա, կամ վնասը 100.000-ից ավելի է. վարորդները ստիպված սպասում են:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս