Բաբաջանյանի քաղաքական հաշվարկները կամ նոր քաղաքական ծուղակ

Քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր առօրյայում, ոչ միայն ինտրիգային են, այլ հաճախ լինում են սպոնտան ու զուտ իրավիճակային:

Քանիցս ականատես ենք լինում, երբ տեղի ունեցած իրադարձությունն ընդհանուր դաշտում ստեղծում է բավականին քաոտիկ իրավիճակ և տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսանում:

Օրերս շատերի համար անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Արման Բաբաջանյանը և հայտարարեց, որ դադարեցնում է իր անդամակցությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: Հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Բաբաջանյանին հորդորելով վայր դնել  կուսակցության կողմից ստացած մանդատը։ Այս հայտարարությունը մնաց անարձագանք, քանի որ, ինչպես ցույց է տալիս դեպքերի ընթացքը, Բաբաջանյանը մանդատից հրաժարվելու ցանկություն ընդհանրապես չունի, ավելին, նա նոր քաղաքական հայտ է ներկայացնում:

Գրեթե կասկածից վեր է այն հանգամանքը, որ Բաբաջանյանն իր գործողությունները համաձայնեցրել է Փաշինյանի հետ, ավելին՝ հենց նրա դրդմամբ էլ գնացել է այդ քայլին, ամենաուղղակի ձևով «քցելով» «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ասվածի մասին է վկայում նաև այն, որ վերջին երկու օրերին իշխանական ողջ ագիտպրոպը լծվել է Բաբաջանյանի PR-ին:

Իրականում դժվար է նշել մեկ գործչի, ում ելույթներից Փաշինյանի ընտանեկան թերթն ու կայքը 24 ժամվա ընթացքում 4 հոդված կտեղադրի: Խոսքը ոչ թե Փաշինյանի, այլ Բաբաջանյանի մասին է: Ի դեպ, եթե էլ ավելի ուշադրություն ենք դարձնում Փաշինյանի թերթի հոդվածներին, կարող ենք տեսնել, որ կա խիստ հակառուսական գիծ, որը սկսվել է տարվել արդեն անկախ պատգամավոր Բաբաջանյանի կողմից:

Անկախ պատգամավորի գովազդին է լծվել նաև Հանրային հեռուստատեսությունը: Հասկանալի է դառնում, որ Արևմուտքը ուզում է ավելին, և Նիկոլ Փաշինյանը սկսել է զբաղվել Բաբաջանյանի PR-ով, որին, ըստ ամենայնի, կմիանան նաև այլ պատգամավորներ իշխանական թիմից: Պարզ է, որ իշխանությունները զգում են վտանգը և սկսել են իրենց համար ստեղծել այլընտրանք, սրան զուգահեռ՝ նրանք փորձում են ունենալ հնարավորինս կառավարելի ընդդիմություն, քանի որ ներկայիս ընդդիմությունը շատ վատ էր խաղում իր դերը: Ակնհայտ է, որ Բաբաջանյան-Փաշինյան գործարքի մասին տեղյակ է նաև Մարուքյանը, սակայն նա կարծես վախենում է բուռն ու կոշտ արձագանքել այս ամենին, և ընդամենը պարբերաբար ձևական արձագանքներ են հնչում «Լուսավոր Հայաստանից»: Տեղի ունեցածն ունի երկու նպատակ՝ ներքաղաքական և արտաքին: Ներքաղաքական առումով Փաշինյանը փորձում է համախմբել արևմտամետ ուժերին, իսկ արտաքին քաղաքական իմաստով՝ ներկայումս ՀՀ դաշտում պետք է Նիկոլից ավելի ռադիկալ տեսակետներ ունեցող մարդկանց համախմբել Բաբաջանյանի շուրջ, և այդ փաստն օգտագործել հետագայում՝ որպես կոալիցիոն ձևաչափ:

Իրականում այս ձևաչափը կփորձեն աշխատեցնել հիմնականում այն վեկտորով, որ իշխանության թիմում նրանք, ովքեր համարում էին, որ իշխանափոխությունը չափազանց թավշյա էր, կհավաքվեն Բաբաջանյանի կողքին:

Սա մի քաղաքական ծուղակ է, որտեղ կընկնեն այն անձինք, ովքեր կփորձեն փախչել Փաշինյանից: Փաստացի այսօր, որքան էլ իշխանությունները խոսեն հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին, միևնույն է՝ ակնհայտ է, որ Փաշինյանը տակից նպաստում է ՀՀ-ում հակառուսական ուժերի ձևավորմանը, որոնք իր համար կդառնան դաշտում խաղալու պահեստային տարբերակ:

Հատկանշական է, որ այդ ուժի ձևավորմանը նա ձեռնամուխ է եղել նոր խորհրդարանում՝ ի դեմս Բաբաջանյանի: Փաշինյանի նախաձեռնած օպերացիայում հենց Բաբաջանյանն է հանդիսանում այն կորիզը, որի շուրջ սաղնմնվորվում է, իսկ այնուհետև՝ նաև ակտիվանալու են արևմտյան արժեքներին դավանող այն ներկայացուցիչները, որոնց համար դժվար է համակերպվել Նիկոլ Փաշինյանի պրոռուսական դիրքավորմանը:

Կարող ենք եզրահանգել, որ սա առաջիկայում հանգեցնելու է նրան, որ ուշ թե շուտ Նիկոլ Փաշինյանը հասնելու է նրան, որ խորհրդարանում ձևավորվի ընդգծված հակառուսական միավորում:

ԱԺ քառօրյայի ժամանակ Բաբաջանյանի հնչեցրած հայտարարությունները փաստում են վերոշարադրյալի բացարձակ իրականություն լինելը: Նրա երկու ելույթների առանցքը կազմում էր ՌԴ-ի դեմ ուղղված բացահայտ դեմարշ: Բաբաջանյանն իր խոսքում նախ՝ թիրախավորեց ՀԱՊԿ-ն՝ դա համարելով ձևական կառույց, որը ոչինչ չի տալիս Հայաստանին, իսկ երկրորդ թիրախում ՌԴ միջամտությունն էր ՀՀ ներքին քաղաքականությանը, որի քննադատության առանցքը դարձավ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ու նրա ծավալած գործունեությունը: Բաբաջանյանը վերջին շրջանում դարձյալ սկսել է հաճախակի խոսել լյուստրացիայի մասին, սակայն, ինչպես հասկանում ենք՝ նախկինները լյուստրացիա երևույթից ընդհանրապես չեն վախենում կամ խուսափում: Իրականում լյուստրացիայից պետք է վախենան նրանք, ովքեր նախկինների հետ տարաբնույթ հարաբերությունների, գործարքների ու սխեմաների մեջ են եղել, իսկ ներկայումս տաքուկ տեղավորվել են նոր իշխանության շուրջ:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս