Հեղափոխությունների մրցավազք

Օգոստոս ամսին հեղափոխության մասին Միքայել Մինասյանի գրառումից հետո Հայաստանում սկսվեց հեղափոխությունների մրցավազք։ Նիկոլ Փաշինյանին կից քաղաքական ուժերը սկսեցին հեղափոխության վերահառնման գործընթացը՝ փաշինյանական ընկալմամբ։

Սկզբում՝ «Սասնա ծռերը», այնուհետև՝ Արման Բաբաջանյանը, սկսեցին Նիկոլ Փաշինյանին մեղադրել անբավարար հեղափոխականության մեջ՝ պահանջելով էլ ավելի արմատականություն և վճռականություն։ «Սասնա ծռերն» իրենց պահանջներն ամրապնդեցին Ամուլսարի հանքի շահագործման դեմ գործողություններով՝ աշխարհին պարգևելով տեռորիստ-բնապաշտպանի նորագույն քաղաքական ֆենոմենը, իսկ Արման Բաբաջանյանը գնաց սխիզմի (պառակտման)՝ իր կապերը կտրելով սեփական խմբակցությունից, որի շնորհիվ ինքը դարձել էր պատգամավոր։

Ակնհայտ է, որ աշունը թեժանում է, իշխանական սկանդալները պայթում են մեկը մյուսի ետևից, և անհրաժեշտ են նորանոր սկանդալ-բացատրություններ, որոնք կսքողեն նախորդ սկանդալները։ Ակնհայտ է նաև, որ իշխանական թևում սկսվում են լուրջ դժգոհություններ, իմքայլականները պահանջում են կամ ռեֆորմներ, կամ էլ կոռուպցիոն սխեմաներում իրենց մասնակցելու «կերատաշտի» իրավունքը, այլապես անիմաստ է դառնում այն, որ իրենք կոչվում են իշխանություն։

Այս իրավիճակում ընդդիմադիր գործիչը պողոսների արքային մեղադրում է նրանում, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, հեղափոխությունը դեռ պետք է անել։ Սա բավական վտանգավոր պնդում է, քանի որ, ուշ թե շուտ, պողոսներին ստիպված ես լինելու բացատրել, որ իրենք փողոցներ էին փակում ոչ նրա համար, որ դու ապրես կառավարական ամառանոցում և որդուդ տեսակցության թռչես կառավարական ուղղաթիռով։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի պատմվի, թե ոչ միայն լուրջ հեղափոխություն ես արել, այլև՝ այն դեռ պետք է շարունակվի, այն ուղղակի դեռ կիսատ է մնացել։ Հենց այս գործն է դրվել պրոիշխանական նեոհեղափոխականների ուսերին։

Սակայն փաշինյանական հեղափոխականների՝ Արման Բաբաջանյան-«Սասնա ծռերի», և մինասյանական հեղափոխությունների միջև կան տարբերություններ և այդ տարբերություններն էական են։

Առաջին կարևոր տարբերությունն այն է, որ Միքայել Մինասյանը պնդում է, թե հեղափոխություն չի եղել, եղել է պարզ իշխանափոխություն, մինչդեռ հեղափոխությունն անհրաժեշտություն է, և այն դեռ պետք է իրականացվի։ Իշխանական նեոհեղափոխականներն ուրախ են հեղափոխությամբ, սակայն նրանք կարծում են, որ այդ հեղափոխությունը դեռ քիչ է, պետք է մի քիչ էլ հեղափոխություն։

Երկրորդ կարևոր տարբերությունը հեղափոխության պատկերացված ուղղությունն է։ Փաշինյանական նեոհեղափոխականները, համաձայն իրենց պողոսական տեսլականի, միշտ նայում են դեպի հետ, պահանջում են պատժել էլի նախկինների, տենչում են նոր սեփականազրկումներ և նոր կառափնարաններ։ Մինասյանական հեղափոխականությունն ուղղված է դեպի առաջ, դեպի խրամատների վերացում, ռեֆորմներ և կյանքի բարելավում։

Այս երկու հեղափոխությունների հակադրումն իրական թեստ է մեր հասարակության համար. կփորձե՞նք հաղթահարել մեր միջի պողոսին և գնալ դեպի իրականության վերափոխում, թե՞ կբավարարվենք պատժելով, բամբասանքներով ու հպարտ կզգանք վրեժխնդիր մեծախոսությամբ։ Սա մեր ընտրությունն է ռացիոնալի՝ կյանքը բարելավող իրական փոփոխության, և էմոցիոնալի միջև՝ անվերջ աշխատող գիլյոտին պահանջելու և ակնկալելու, որ դրանից ինքնըստինքյան հարստանալու ենք։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս