Բաժիններ՝

Հղիանալուց 3 ամիս առաջ պետք է սկսել վիտամիններ օգտագործել. Ինչպես պատրաստվել հղիությանը

Որպեսզի հենց սկզբից հղիությունը բարեհաջող ընթանա, պետք է դրան ավելի շուտ նախապատրաստվել: Մի քանի պայմաններ կան, որոնց հետեւելը ոչ միայն մեծացնում է հղիանալու հավանականությունը, այլ նաեւ հնարավորինս երաշխավորում է առողջ մանկիկի ծնվելը:

Նախապատրաստական աշխատանքները ճիշտ կլինի սկսել բեղմնավորելուց 3 ամիս առաջ, որովհետեւ հենց առաջին շաբաթների ընթացքում է, որ պտուղը կարող է ենթարկվել տարբեր անբարենպաստ ազդեցությունների, երբ նույնիսկ չեք էլ կասկածում հղիության մասին: Երեխա ունենալու մասին մտածելիս, առաջին հերթին պետք է ճշտել մի քանի հարցի պատասխաններ. օրինակ` արդյոք ժամանակի՞ն է կատարվել կարմրախտի դեմ պատվաստումը:

Հղիության հատկապես վաղ ժամանակաշրջանում, երբ ձեւավորվում են երեխայի ներքին օրգանները, կարմրախտը կարող է լուրջ վնասներ հասցնել երեխայի առողջությանը: Այդ պատճառով արյան անալիզի միջոցով պետք է անպայման պարզել, թե ձեր օրգանիզմում տվյալ հիվանդության հանդեպ դիմադրողականություն կա՞, թե՞ ոչ: Պետք է պարզել ամուսինների կողմից հնարավոր ժառանգական հիվանդությունների մասին: Մի քանի հիվանդություններ, օրինակ` հեմոֆիլիան կամ ֆիբրոկիստոզը, կարող են փոխանցվել ժառանգաբար: Այդ պատճառով ժամանակին պետք է դիմել բժշկի, որպեսզի ժամանակին որոշվի ռիսկի դիմելու աստիճանը:

Կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, թե արդյո՞ք այնպիսի հիվանդության կրող չեք, որը պահանջում է անընդհատ դեղմիջոցների օգտագործում: Եթե դուք լուրջ հիվանդ եք, ինչպիսին է շաքարային դիաբետը կամ էպիլեպսիան, հղիանալուց առաջ պետք է դիմել բժշկի, քանի որ հնարավոր է, որ բժիշկն առաջարկի բոլորովին այլ բուժում, որովհետեւ շատ բժշկական պրեպարատներ վնասակար են երեխայի համար: Կարեւոր է նաեւ այն փաստը, թե արդյոք հորմոնային հակաբեղմնավորիչներ օգտագործե՞լ եք, թե՞ ոչ: Եթե այո, ապա պետք է հղիանալ գոնե 3 դաշտանային ցիկլից հետո:

Կարդացեք նաև

Կարեւոր հանգամանք է նաեւ այն փաստը, թե ձեր աշխատանքը որքանո՞վ է գտնվում մասնագիտական հիվանդությունների ռիսկային խմբում: Եթե ձեր աշխատանքը կապված է քիմիկատների, թմրադեղերի կամ ռենտգենյան ճառագայթների հետ, այն կարող է անդրադառնալ երեխայի առողջության վրա: Կարելի է գոնե ժամանակավոր տեղափոխվել ավելի անվնաս աշխատանքի: Կարեւորություն պետք է տալ նաեւ քաշին, այսինքն` գոնե վերջին 6 ամսվա ընթացքում պետք է հասակն ու քաշը համապատասխանեն միմյանց: Պետք է փորձել ճիշտ սնվել: Ցավալի խնդիրներից մեկն էլ ալկոհոլի ու սիգարետի օգտագործումն է: Սիգարետն ու ալկոհոլը ծայրաստիճան վտանգավոր են երեխայի համար:

Տղամարդը պետք է հասկանա, որ նա ոչ թե սեքսով է զբաղվում, այլ նոր մարդ է արարում եւ կյանք տալիս մի փոքրիկ անմեղ էակի, որի առողջությունը կախված է իր հայրիկից: Երբ տղամարդը գիտակցում է իր պատասխանատվության չափը, հրաժարվում է ցանկացած ալկոհոլից ու ծխախոտից:

Հղիությունը առհասարակ բաժանվում է 3 ժամանակահատվածի, որոնցից յուրաքանչյուրը տեւում է 3 ամիս: Առաջին շրջանը համարվում է պտղի զարգացման շրջան, քանի որ այդ շրջանի վերջում պտղի օրգան-համակարգերն արդեն ձեւավորված են լինում: Երկրորդ եռամսյակի ժամանակ հղիության ընթացքն ավելի հանգիստ է լինում, այսինքն` սրտխառնոց արդեն չի լինում, սկսում է զգացվել պտղի խաղը: Երրորդ եռամսյակը, կարելի է ասել, պտղի համար հանդիսանում է, այսպես ասած` «ֆինիշային»: Հղիության միջին տեւողությունը 40 շաբաթն է, բայց երբեմն կարող է ավելի շատ լինել:

Ապագա մայրիկներին խորհուրդ չի տրվում օգտագործել որեւէ դեղամիջոց՝ առանց բժիշկ-գինեկոլոգի հետ խորհրդակցելու: Չի կարելի ծխել կամ ալկոհոլ օգտագործել: Պետք է շատ թեյ կամ սուրճ օգտագործել, պարզապես պետք է անցնել թեթեւ բուսական թեյերի եւ օգտագործել միրգ ու բանջարեղեն: Հակացուցված են տաք վաննաներն ու սաունաները:

Հղիանալուց արդեն 3 ամիս առաջ պետք է սկսել վիտամիններ օգտագործել ու մտքից պետք է հանել բոլոր տեսակի դիետաներն ու կերակրային սահմանափակումները: Խորհուրդներ տրվում են ոչ միայն ապագա մայրերին, այլ նաեւ ապագա հայրերին: Հատկապես ցանկալի չէ հիվանդանալ բարձր ջերմությամբ, հաճախել սաունաներ, ծխել, խմել, զբաղվել որեւէ էքստրեմալ սպորտաձեւով: Նաեւ պետք չէ նեղ սինթետիկ ներքնաշորեր հագնել:

Հղիության ողջ ընթացքում առաջին հերթին պետք է հոգ տանել ճիշտ սնվելու մասին: Իր օրգանիզմի զարգացման համար անհրաժեշտ նյութերը` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային նյութեր, վիտամիններ, երեխան ստանում է մորից: Թվարկված էլեմենտները մայրը ստանում է սննդի միջոցով: Այդ պատճառով էլ հղիության ընթացքում սնունդը պետք է լինի բազմատեսակ ու վիտամիններով հարուստ: Հաճախ է լինում, երբ թերսնուցումը հանգեցնում է վիժումների, երեխայի հասակի ու քաշի ոչ նորմալ չափի: Իսկ սննդի քանակի չարաշահումն էլ հանգեցնում է ճարպակալման եւ՛ երեխայի, եւ՛ մոր մոտ, ինչն էլ իր հերթին մեծ դժվարություն է ստեղծում ծննդաբերության ժամանակ:

Միշտ նշվում է այն սննդամթերքների անվանումները, որոնք անհրաժեշտ են հղիներին, բայց սրանց հետ մեկտեղ կան սննդամթերքի տեսակներ, որոնք ընդհանրապես պետք է դուրս գան հղիի կերակրացանկից, հատկապես հղիության երկրորդ ժամանակահատվածում: Պետք է հրաժարվել շատ կծու, աղի ու ճարպոտ սննդատեսակներից: Խորհուրդ չի տրվում համեմունքներ կամ ծխեցված միս ու ձուկ օգտագործել: Պետք չէ օգտագործել պահածոներ կամ տապակած մսեղեն ու ձկնեղեն: Ընդհանրապես արգելվում է սպիրտային ըմպելիքների օգտագործումը` ներառյալ գինիներն ու գարեջուրը: Հղիության ընթացքում պետք է հնարավորինս ճիշտ կազմակերպել հանգստի ու աշխատանքի ժամանակը:

Սպասվող ծննդաբերությունը կնոջից պահանջում է մեծ ֆիզիկական լարվածություն: Որպեսզի հղին թեթեւ տանի ծննդաբերությունը, խորհուրդ է տրվում հատուկ հղիների համար նախատեսված մարմնամարզություն: Հղիության սկզբնական ժամանակահատվածում վարժությունների մեծ մասն ուղղված են ձեռքերի, ոտքերի ու մեջքի մկաններն ամրացնելուն: Հղիության մյուս հատվածում կարեւոր է կոնքամասի ու ողնաշարի ամրության խնդիրը: Հղիության վերջին շրջանում կարեւոր են շնչառական վարժությունները:

Ցավոք սրտի, ոչ բոլոր հղիություններն են անցնում առանց բարդությունների: Իհարկե, ընթացքի հայտնաբերումն ու ճիշտ ժամանակին բուժվելն ավելացնում են այս ամենի բարեհաջող ավարտ ունենալու հնարավորությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է բժշկի ու ապագա մայրիկի սերտ համագործակցությունը: Հղիության ոչ ցանկալի ու անսպասելի ընթացքներից է վիժումը: Գրեթե երբեք չի հաջողվում կանգնեցնել սկսված վիժումը: Բայց եթե ինքնազգացողության անգամ մի փոքրիկ վատացում կա, անմիջապես պետք է դիմել բժշկի:

Հղիների «անընդհատ» փսխումները եւս կարող են նպաստել օրգանիզմի թուլացմանը, քանի որ տեղի է ունենում կտրուկ քաշի կորուստ, ջրազրկում եւ արյան բաղադրության փոփոխություն: Մոր մարմնի բարձր ջերմաստիճանի շարունակական բարձրացումը մինչեւ 38 աստիճան, հատկապես հղիության սկզբում, կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ երեխայի համար: Նման դեպքերում մինչեւ որեւէ դեղամիջոց ընդունելը պետք է անհապաղ դիմել բժշկի:

Հաճախ ապագա մայրիկներն ընտրում են ոչ թե ծննդաբերության բնական ճանապարհը, այլ կեսարյան հատումը: Նրանց թվում է, թե այն ավելի անցավ ու ապահով տարբերակ է: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Իրականում կեսարյան հատումը կարող է վնասել երեխային, քանի որ ծննդաբերության պրոցեսում վիրահատական միջամտությունը կարող է վնասել երեխայի կյանքին կամ այլ բարդությունների պատճառ դառնալ: Ընդ որում` ռիսկն այնքան էլ փոքր չէ. բնական ճանապարհով ծննդաբերությունը 12 անգամ անվտանգ է կեսարյան հատումից: Բացի այդ, կեսարյան հատումը չի էլ նվազեցնում ծննդաբերական ցավերը, ավելին` այն կարող է ավելացնել երեխայի սթրեսային վիճակը:

Իսկ դրա պատճառն այն է, որ բնական ճանապարհով ծննդաբերությունն ապահովում է երեխայի ներարգանդային կյանքից աստիճանաբար նորմալ միջավայր տեղափոխվելը: Այս դեպքում երեխան հասցնում է արտաքին աշխարհին հարմարվել, իսկ ահա կեսարյան հատմամբ ծնված երեխաները զրկված են նման հաճույքից: Պետք չէ փորձել խաբել բնությանը: Ամեն ինչի բնական ճանապարհն ավելի ճիշտ է, իսկ այս դեպքում` ինքնուրույն ծննդաբերելը: Իսկ ինչ վերաբերում է կեսարյան հատմանը, պետք է նշել, որ այն ցուցված է միայն ծայրահեղ դեպքերում, օրինակ, եթե մոր կամ երեխայի կյանքին վտանգ է սպառնում:

Այսօր մեծ թիվ են կազմում անցանկալի հղիություններն, ու նման դեպքերում անխուսափելի է հղիության արհեստական ընդհատումը` աբորտը: Հղիության արհեստական ընդհատման ամենահայտնի ձեւը վիրաբուժական աբորտն է, նաեւ՝ մինիաբորտը` շատ փոքր հղիության դեպքում, եւ դեղորայքային աբորտը:

Մինի-աբորտն իրականացվում է մինչեւ 4 շաբաթական հղիության դեպքում: Հղիության վիրաբուժական եղանակով ընդհատումը կատարվում է 12-շաբաթական հղիության դեպքում: Այս մեթոդը գործածելու համար կարեւոր է բժշկի հմտությունը, փորձը եւ գործածվող ցավազրկող դեղամիջոցը:

Դեղորայքային աբորտը համարվում է բավականին արդյունավետ ու անվնաս մեթոդ եւ հիմնականում բացառում է որեւէ վարակի զարգացումը: Այս մեթոդը կողմնակի ոչ մի ազդեցություն չունի եւ համարվում է հղիության ընդհատման ամենաընդունված մեթոդը:

«168 Ժամ»

29.08.2008 

Տեսանյութեր

Լրահոս