«Կարծում եմ, որ այն ավանդույթները որոնք դրված են մեր հարաբերություններում, այն բնույթը, որ կա, լիովին մնում են ուժի մեջ». ՀՀ-ում ՌԴ դեսպան
Մոսկվայի 872-ամյակը մեծ շուքով կնշեն նաև Երևանում: Միջոցառումների մեկնարկը տրվեց այսօր՝ Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի գործերի ցուցահանդեսի բացումով ու տոնական համերգով:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ երկու երկրների դարավոր բարեկամության շրջանակում, ապա 168.am-ի խնդրանքով անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին՝ դրանք գնահատելով դրական.
«Ես կարծում եմ, որ այն ավանդույթները, որոնք դրված են մեր հարաբերություններում, այն բնույթը, որ կա՝ ռազմավարական գործընկերության, համագործակցության և, ամենակարևորը, եղբայրական բնույթը մեր ժողովուրդների միջև՝ լիովին մնում են ուժի մեջ, և վստահ եմ՝ այդպես կլինի և հետագայում»:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն էլ նշեց, որ հավանաբար ՀՀ ամենաբազմաոլորտ ու խորքային հարաբերությունները ՌԴ-ի հետ են.
«Հայ-ռուսական հարաբերություններն այնքան բազմաշերտ են և նաև այնպիսի խորություն ունեն, որ գնահատել այդ հարաբերությունները մեկ-երկու դրվագով անհնարին է. իրականում կապերը շատ խորն են, բավական է նշել, որ ունենք հարյուրավոր երկկողմանի պայմանագրեր, բավական է նշել, որ տարբեր բազմակողմ ֆորմատներում ենք ակտիվ համագործակցում՝ դա և՛ ինտեգրացիոն միավորումներին է վերաբերում, ինչպիսիք են՝ Եվրասիական Տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, նաև համագործակցություն կա այլ միջազգային կառույցներում: Այդ տեսակետից՝ եթե մենք դիտարկենք Հայաստանի հարաբերություններն այլ պետությունների հետ, ապա ամենաբազմաոլորտ հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, հենց Ռուսաստանի հետ են»:
Մեզ հետ զրույցում հայ-ռուսական դարավոր բարեկամության և հարաբերությունների զարգացման միտումների մասին խոսեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը.
«Մեզ համար նորություն չէ հայ և ռուս ժողովուրդների դարավոր եղբայրական կապը:
Բնականաբար, աճելու շատ տեղ ունենք. ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, և այդ հարաբերությունները դինամիկ զարգացնելու ուղղությամբ գործադրում ենք մեր բոլոր ջանքերը: Կարծում եմ, որ թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում, և թե՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով, դիվանագիտական մակարդակով, բազմիցս լսած կլինեք, որ հարաբերությունները դինամիկ զարգացման միտում ունեն»:
Ի դեպ, Մոսկվայի օրվան նվիրված մի շարք մշակութային և սպորտային միջոցառումներ տեղի կունենան նաև վաղը:
Զարուհի Դիլանյան