Մի՛ ստեք
Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում: Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունն Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին, և խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:
Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը: Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողներն այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա, ըստ էության, ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»,- իբրև հերթական աննախադեպ լուր՝ ներկայացրել էր նա:
Մի պահ պատկերացնենք անհնարինը, այսինքն, որ սա հերթական պոպուլիստական մանիպուլյացիան չէ, և իրոք` գործող իշխանությունները ցանկանում են 56 մլրդ պետբյուջեից տրամադրել տնտեսվարող սուբյեկտներին` ավելացված արժեքի կուտակված պարտքերի մարմանը: Ֆանտաստիկայի ժանրից է, բայց ինչևէ, համարենք, որ առաջին անգամ ինչ-որ դրական քայլ են ուզում անել, և տեսնենք` հնարավո՞ր է, անհրաժե՞շտ է, թե՞ հերթական սուտն է:
Նախ` ամենագլխավորն ու ամենակարևորը` նրանք, ինչպես Փաշինյանն ինքն է ասում, առայժմ ՔՆՆԱՐԿՈւՄ են: Հիպոթետիկ կարելի է քննարկել նաև` հայկական տիեզերագնացությանը վերաբերող հարցեր, և սոցցանցերում «բնակվող» համակիրների, անողնաշարավորների և զոմբիների կերակուրը տեղը պահելու համար ներկայացնել դա՝ որպես արդեն կատարված իրողություն՝ ակնկալելով այդքան կենսական ու բաղձալի «սրտիկներն» ու «լայքերը» Ֆեյսբուքում: Ամենայն հավանականությամբ` սա այդ շարքից է։ Ինչո՞ւ, որովհետև. պետբյուջեից 56 մլրդ-ի հատկացում այս տարի և գալիք տարիներում նույնպես` պարզապես բացառվում է մի քանի պատճառներով.
- 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով այդպիսի հատկացում չկա;
- 2019թ. պետբյուջեում այդպիսի ծախսային հոդված չկա, այդպիսի ծախս նախատեսված չէ;
- 2019թ. պետբյուջեի եկամուտների լրացուցիչ 60 մլրդ դրամի ավելացումը դեռևս խոստում է, ըստ որում՝ նախանշված են նաև դրա ամբողջությամբ ծախսման բոլոր ուղղությունները (աշխատավարձի չնչին բարձրացումներ, ասֆալտափոսային աշխատանքներ, և այլն), այսինքն` 2019թ. լրացուցիչ, ևս 56 մլրդ դրամի ոչ եկամուտ, ոչ էլ ծախս հնարավոր չէ նախատեսել:
Իսկ տնտեսության 6-8%% աճի պայմաններում 116 (56+60) մլրդ-ի ավելացումը պարզապես աբսուրդի, իսկ եթե ոչ, ապա` խելագարության դաշտից է: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այս անհիմն և անիրականանալի թեման հանրայնացնելու հրատապությունը, կարելի է ենթադրել, որ մնում է մեկ ելք` ֆինանսաքաղաքական «պատրոն»-ից խնդրել 100 մլն դոլար այս նպատակով, որը, ըստ մեծ լոռեցու` «…հրեն հա, երկնքում կախված» է, բայց նույնիսկ ստանալու դեպքում չվերադարձնել տնտեսվարողներին:
Այս ամենի արդյունքը լինելու է այն, որ կստեղծվի մի թեմա, ուղղություն, որպեսզի հարձակում սկսվի այն տնտեսվարողների վրա, որոնց պարտք է պետությունը: Արդյունքում` այդ սուբյեկտներում սկսել անհարկի ստուգումներ, զզվեցնել, ձգձգել, և որպես արդյունք՝ որքան հնարավոր է՝ արհեստականորեն «ջրել» այդ պարտքերը:
Եթե ավելի լուրջ, ապա` այս կարգի նախաձեռնության կարիք ընդհանրապես չկա, որովհետև գործող օրենսդրությունը թույլ է տալիս աստիճանաբար «մաշեցնել» դրանք` առանց որևէ բեռի` պետբյուջեի, ասել է թե` նույն տնտեսվարողների վրա, նաև` առանց անհարկի դիմումների և ստուգումների: Մի՛ ստեք…
Ալեքսանդր Գրիգորյան