Իշխանության ինքնախաբեությունը կամ ՀԱՊԿ-ի բոլոլան

Նախօրեին տեղի է ունեցել ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ իշխանական թևի պատգամավորները հպարտանալով «գլուխ են գովացել», թե «իրենց վարած ճիշտ քաղաքականության արդյունքում կանխվել է Բելառուսի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը միանգամից չստանձնելու հանգամանքը»։

Մի քանի առումով անդրադառնանք ՀԱՊԿ-ում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ իշխանությունների կողմից անհեռատես և իրենց քաղաքական «քիմքին» հաճելի գործողություններին։

Նախ այն, որ Հայաստանը մինչև 2020 թվականը պետք է ղեկավարեր ՀԱՊԿ-ն՝ արդեն կայացած փաստ էր։ Կայացած էր նաև այն, որ այդ կառույցը համարվում է ՀՀ անվտանգության երաշխավորներից մեկը՝ անկախ ամեն ինչից, թե ինչ վերաբերմունք ունի դրա նկատմամբ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հենց նա էր հայտարարում, որ Հայաստանն անմիջապես պետք է դուրս գա այդ «ձևական» կառույցից, քանի որ, նրա բնորոշմամբ՝ «դա ծառայում է ռուսական շահերին և սպառնում է ՀՀ պետականության կորստին»։

Տեղին է փաստել, որ մոտ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Խաչատրյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի հայտնի ձայնագրության մեջ, երբ խոսք է գնում Յուրի Խաչատուրովի ձերբակալման մասին, գործող իշխանության ամենաադեկվատ մարդը՝ Վանեցյանը, ՀՔԾ պետին, հետո նաև՝ Փաշինյանին, փորձում է հասկացնել, որ Խաչատուրովին ձերբակալելն անթույլատրելի է, քանի որ, Վանեցյանի բառերով ՝ «միջազգային սկանդալի առաջ կկանգնենք»։ Սա կարելի է նմանեցնել նրան, որ, ասենք, ԵԽ նախագահը հետ կանչի և ձերբակալի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։

Փաստն այն է, որ ՀՀ անկանխատեսելի իշխանությունը լուրջ «քաղաքական ապտակ» հասցրեց ՀԱՊԿ-ին, այս դեպքում՝ նաև Ռուսաստանին։ Ավելին,  մոտ մեկ տարուց ավելի  ձգձգվում է գեներալ Խաչատուրովի դեմ հարուցած գործը, և դեռևս պարզ չէ, թե ի վերջո ի՞նչ հանգուցալուծում կստանա այն։

Միանշանակ է, որ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչը, ապա նաև՝ նրա դեմ քրեական հետապնդումը շտապողականություն էր և խորապես չգիտակցված ու բոլոր հնարավոր ռիսկերը չգնահատված քայլ։ Սա փաստացի ՀՀ անվտանգությանն ուղղված հերթական քայլերից մեկն էր, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զգայուն և առանցքային պաշտոն էր ՀՀ-ի համար՝ անկախ նրանից, թե ներքաղաքական դաշտում ինչ է կատարվում։ Զավեշտալին այն է, որ հիմա, երբ իշխանության ղեկը ստանձնել է Փաշինյանը, նրա թիմակիցները գերկարևորում են այդ ստրատեգիական կառույցի նշանակությունը և դիֆերամբներ ձոնում։

ՀԱՊԿ ձեռքբերումների մասին խոսում է այն իշխանությունը, որը բարեհաջող կորցրեց ժամանակին Հայսատանին վստահված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ հիմա «մենք անզիջում ու սկզբունքային ենք» մոլորյալի կեցվածքով հերթական անգամ փորձում են մանիպուլյացնել հանրությանը:

Ակնհայտ է մի բան, որ, եթե ներկայումս փաստացի Հայաստանի ներկայացուցիչը չի զբաղեցրել այդ պաշտոնը, ապա չկա ոչ մի սկզբունքային տարբերություն, հիմա՞, թե՞ մյուս տարի այն կփոխանցվի հաջորդող Բելառուսին, թե՞ դե ֆակտո կմնա Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարի ձեռքերում:

Տարօրինակն այն է, որ ընդգծված հակառուսական կեցվածքով հայաստանյան իշխանություններն անընդհատ անհասկանալի կերպով նեղանում են, թե ինչո՞ւ են իրենց առաջ ռուսները «դուռ շրխկացնում»՝ մոռանալով, որ ժամանակին արված ոչ մի արարք և ոչ մի հայտարարաություն չի մոռացվում, և վաղ թե ուշ ամեն արվածի ու ասվածի համար պետք է պատասխան տալ։ Այնպես որ, գործող իշխանության պատգամավորները, ըստ էության, անիմաստ ժամանակ են շահում և փորձում գործած մեղքերի ու քայլերի համար ապաշխարանքի եզրեր փնտրել կամ արդարանալ հանրության առաջ։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս