Ճարտարապետների առաջին «մարտահրավերը» Մամուլի շենքն է. մեկնարկում է նոր նախագիծ
Այսօր մեկնարկեց Երևանի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված «ProfEye Challenge» նախագիծը: Մրցույթի մասնակիցների կողմից կմշակվեն և կառաջարկվեն Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի վերակառուցման նախագծեր: Ծրագրի հեղինակ «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով՝ ընտրվել է հենց այս շենքը, քանի որ այն լայն հնարավորություններ է տալիս աշխատելու համար:
«Այս ծրագրի գերնպատակը՝ մեր հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային այն շենքերին, որոնք վերակառուցման կարիք ունեն, գտնել ներդրողներ, հրավիրել նաև նրանց ուշադրությունն այս շենքերի վրա: Ընտրվել է այս շենքը, քանի որ այն բարձրահարկ է և ավելի լայն հնարավորություններ կտա ճարտարապետներին ստեղծագործելու համար: Երկու շենք կար մեր տեսադաշտում, բայց ընտրվեց հենց այս մեկը»:
Ծրագրի հեղինակները վստահեցնում են՝ այնտեղ աշխատող լրատվամիջոցներն աշխատանքը դադարեցնելու խնդիր չեն ունենա:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքով՝ կոմիտեն մեծ տեղ է տալիս քաղաքի դիմագծի պահպանման գործում մասնավորի մասնակցությանը:
«Ես սա համարում եմ հրաշալի հնարավորություն մեր երիտասարդ և «նախկին երիտասարդ» ճարտարապետների համար, որ ցույց տան իրենց հնարավորությունները, իրենց պոտենցիալը: Վստահ եմ՝ շուտով Մամուլի շենքը կտեսնենք ավելի գրավիչ, ավելի հետաքրքիր»:
Ճարտարապետները հնարավորություն կունենան իրենց նախագծերը ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը: Ֆինանսական չափ չի սահմանվել, չի բացառվում, որ որպես ներդրող՝ ընդգրկվի նաև Կառավարությունը: Նախագծերը կցուցադրվեն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ծրագրի հեղինակ «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրենը, սակայն, վստահ չէ՝ ներդրող շո՞ւտ կգտնեն , թե՞ ոչ:
«Սա արշավ է, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այն պահին, երբ մենք ավարտենք մեր արշավը, հենց հաջորդ օրը կունենանք ներդրողներ: Հնարավոր է՝ դա լինի 5 տարի թե տասը տարի հետո, բայց կլինի»:
Հոկտեմբերի 1-7-ը լինելու է քվեարկություն: Սահմանված է 3 հորիզոնական և երկու անվանակարգ: Անվանակարգերից մեկում հաղթող կճանաչվի այն ճարտարապետը, ում նախագծին հավանություն կտա Քաղաքաշինության պետական կոմիտեն, մյուս անվանակարգի հաղթողին կընտրի լրագրողական համայնքը: Յուրաքանչյուր լրատվական կունենա մեկ ձայնի հնարավորություն: Ծրագրի հեղինակներն ասում են՝ սա արշավ է, որը միայն Երևանով չի սահմանափակվելու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ