Հայաստան-Իտալիա. բարդ, բայց կարևոր խաղ
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլը շարունակվում է: 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունելու է Իտալիայի ազգային հավաքականին, որը մեր խմբում համարվում է ամենաբարդը:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հայ ֆուտբոլիստները փորձելու են միավորներ խլել առաջատարներից:
Հայաստան
Հայաստանի ընտրանին ընտրական մրցաշարը սկսեց Բոսնիա և Հերցեգովինայից (1:2) և Ֆինլանդիայից (0:2) կրած երկու պարտություններով, չնայած լավ խաղին և միավորների ակնկալիքներին: Լիխտենշտեյնի (2:0) և Հունաստանի (3:2) նկատմամբ տարած հաղթանակները հնարավորություն տվեցին լինել երրորդը խմբում և մոտենալ Եվրո-2020-ի բաղձալի ուղեգրերին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուբուդաղյանցը նշում է, որ իրենք լավ ուսումնասիրել են մրցակցին և նրանց ուժեղ և թույլ կողմերը: Ըստ մարզչի, Ինսինյեի և Կիելինիի բացակայությունը լուրջ կորուստ է մրցակցի համար, սակայն առանց նրանց էլ Իտալիայի հավաքականը շատ ուժեղ մրցակից է:
Գլխավոր մարզչի խոսքով, թիմը պատրաստ է խաղին, և եթե կարողանա դրսևորել իր ուժեղ կողմերը և չեզոքացնել մրցակցին, ապա կկարողանա լավ արդյունքի հասնել: Մարզիչը կարծում է, որ այս խաղում ոչ-ոքին ևս համարվում է լավ արդյունք:
Կազմի հետ կապված հայկական ընտրանին դեռևս խնդիրներ ունի: Մարկոզ Պիզելին, ով ապաքինվել էր վնասվածքից և պետք է վերադառնար հավաքական, կրկին վնասվածք է ստացել և բաց է թողնում հավաքականի հավաքը:
Յուրա Մովսիսյանը ամբողջությամբ ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռևս չունի նոր ակումբ: Նոր ակումբ գտնելուց հետո նա, հավանաբար, կհրավիրվի հավաքական:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ Իտալիայի հետ անցկացրած վերջին խաղից հետո (2012) շատ բան է փոխվել: Փոխվել է մրցակցի մարզիչը, շատ ֆուտբոլիստներ և փիլիսոփայությունը: Մխիթարյանը նշում է, որ Իտալիան շատ է խաղում գնդակով և ցանկացած պահի կարող է գոլի հեղինակ դառնալ: Այնպես որ, նրանք պետք է զգոն լինեն:
Մխիթարյանը նշում է, որ խմբում բարդ են բոլոր մրցակիցները, բայց իրենք ամեն ինչ անելու են պայքարելու և երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Ըստ հավաքականի ավագի, ֆուտբոլ խաղում են ոչ միայն ոտքերով, այլև ուղեղով, և, եթե ստիպես քեզ խաղալ 90 րոպե և ավելի, ապա ամեն ինչ էլ հնարավոր է:
Իտալիա
Իտալիայի հավաքականը բավականին վստահ է անցկացնում ընտրական փուլը: Թիմը ունի շատ մարտունակ կազմ, և անգամ Կիելինիի, Ինսինյեիի և Դե Շիլոյի բացակայությունը շատ ծանր հետևանքներ չի ունենա թիմի խաղի վրա:
Իտալացիները միավորներ չեն կորցնում և վստահորեն գրավում են առաջին հորիզոնականը: Այս ընտրական փուլում նրանք Լիխտենշտեյնի դարպասը 6 գնդակ ուղարկեցին (6:0) և միայն բաց թողեցին Բոսնիայից:
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշում է, որ իրենք միշտ էլ չեն թաքցրել իրենց նպատակները և ասել են, որ ուզում են խմբում լինեն առաջինը:
Ըստ Մանչինիի, չնայած իրենք հաղթել են նախորդ 4 խաղերում, այս խաղին մոտեցել են որոշակի խնդիրներով: Մարզիչը նշում է, որ ֆիզիկական տեսանկյունից իր թիմը պատրաստ չէ ամբողջությամբ և պետք է ներդնի իր բոլոր ուժերը: Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը այս հավաքից առաջ ունի 8 կորուստ:
Մանչինիի խոսքով, իրենք ուսումնասիրել են Հայաստանի հավաքականին և կարծում են, որ հայկական ընտրանին կարող է լինել երկրորդը խմբում: Մանչինին նշում է, որ Հայաստանի հավաքականի առջևի գծի 4 ֆուտբոլիստները յուրօրինակ ոճ ունեն և նրանք այդ փաստին հատուկ ուշադրություն են դարձրել:
Հիշեցնենք, որ Հայաստան-Իտալիա խաղը տեղի կունենա այսօր՝ 20:00-ին: Հանդիպման բոլոր տոմսերը սպառված են:
Սիրարփի Աղաբաբյան