
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագծին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրենքի նախագծին:
Այսօր կայացած նիստում «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այս արձանագրությամբ կարգավորվում է հետևյալ խնդիրը, որ ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և՛ դիտորդներ, և՛ գործընկերներ, մինչ այդ կար դրույթ, որ կարող է ունենալ դիտորդ, որը բացված չէր: Եղել է առաջարկություն, որ, բացի դիտորդից, լինի ավելի բարձր կարգավիճակ, դա գործընկերոջ կարգավիճակն է: Դիտորդի և գործընկերոջ դեպքում կա տարբերություն: Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ, որը կիսում է ՀԱՊԿ-ի գաղափարախոսությունն ու մոտեցումները»,- ասաց Քոչարյանը: