Հասարակությունը՝ անարդյունավետ կառավարման համակարգի պատանդ
Քաղաքականությունը մարդկային հանրույթի ինքնակառավարման ինքնակարգավորման մեխանիզմ է, որը ձևավորվում և իրականացվում է միջանձնային հարաբերությունների ոլորտում, իսկ մարդիկ իրենց գործունեության ու վարքի մեջ ղեկավարվում են որոշակի դրդապատճառներով, նպատակներով, զգացմունքներով և հոգեվիճակով: Ընդհանուր առմամբ քաղաքականություն ֆենոմենը և առանձին քաղաքական իրադարձություններն ու երևույթները զգալիորեն կախված են որոշակի անձանց հոգեբանությունից:
Ինչպես հայտնի է՝ բոլոր ժամանակներում մարդիկ ձգտել են իշխանության՝ այդ նպատակին հասնելու համար օգտագործելով հոգեբանական տարբեր միջոցներ: Նրանց հաջողությունների և անհաջողությունների պատմությունը դաս է այն քաղաքական գործիչների համար, ովքեր մեր ժամանակներում ձգտում են իշխանության: Որքան էլ քաղաքական գործիչն ունենա անձնային նպատակներ՝ իշխելու բնազդները բավարարելու, նա նոր ազդակներ է հաղորդում ազգային առաջընթացին:
Արդի քաղաքական գործընթացները հիմնականում անհատակենտրոն են, այսինքն՝ որոշակի անձանց խարիզմն ու կշիռը որոշում են ողջ քաղաքականության էությունը: Եթե անգամ դիտարկենք ցանկացած երկրի պառլամենտի գործունեության հարցը, միևնույն է, դարձյալ ուղղակիորեն բախվում ենք լիդերության խնդրին: Սա պայմանավորված է նրանով, որ գործող կուսակցությունները ձևավորվում են որոշակի անձանց՝ քաղաքական լիդերների շուրջ, ըստ այդմ՝ հենց այդ անձինք էլ թելադրում են կուսակցությունների գործունեության ընդհանուր ուղղությունը:
Փաստացիորեն, առանց տվյալ կուսակցության քաղաքական լիդերի, դժվար է պատկերացնել կուսակցության գործունեությունը, իսկ ժամանակակից պառլամենտարիզմի աճող ալիքի պայմաններում այս հանգամանքը ևս մեկ գործոն է, որը գծագրում է հայրենական քաղաքական գործընթացների տրամաբանությունը:
Տարիներ շարունակ լինել այս կամ այն նախարարական աթոռին, դեռ չի նշանակում, որ այդ անձը քաղաքական գործիչ է: Նա ընդամենը բարձրագույն իշխանության կողմից նշանակված վարձու աշխատող է՝ աշխատավարձ ստացող, այլ ոչ թե՝ որոշում կայացնող։
Այսօր Հայաստանում քաղաքականության, ինչպես նաև պետականության գնահատման մակարդակի նշաձողը գտնվում է մինուս անսահմանության տիրույթում, քանի որ այն էժանագին մանևրներն ու պրիմիտիվ պոպուլիզմը, որը կիրառվում է հայրենի քաղաքական դաշտում, վկայում են ասվածի մասին։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում հայ քաղաքական իրականությունը կորցրեց իր իրական դիմագիծը, քանի որ իշխանության եկած լիդերը՝ ի դեմս Փաշինյանի, առանձնանում է քաղաքական տեսության նորմերին հակասող քայլերով ու գործելաոճով։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ լսել ընդդիմախոսություն, չնայած պարբերաբար հայտարարում է, որ «ինքը բաց է իր ժողովրդի առաջ և հասանելի է միշտ»։
Կարող ենք փաստել հետևյալը, որ հայաստանյան այսօրվա իշխանություններն «անսկզբունքայնության ֆոբիայով» են տառապում։ Երբ իշխանությունը համաձայնության չի գնում ամբողջ քաղաքական դաշտում այս կամ այն հարցում ձևավորված միասնական դիրքորոշման հարցում, մեծ ճիգով կարելի է համարել, թե քաղաքական սկզբունքայնություն է հանդես բերում: Բայց երբ նույնպիսի վերաբերմունք է արտահայտվում հասարակական` հստակ ձևակերպված պահանջների նկատմամբ, պարզ է դառնում, որ գործ ունենք անսխալականության սինդրոմով տառապելու և սահմաններ չճանաչող, այսպես ասած՝ մարտնչող պնդաճակատության հետ:
Քաղաքական գործընթացը Հայաստանում հետզհետե վերածվել է վարչական վերահսկողության գոտու, քանի որ ձևավորվել է քաղաքական որոշումների ընդունման էլիտար, հասարակության համար փակ մեխանիզմ: Քաղաքական գործընթացի վերահսկման հարցում իշխանության համար գործիք է դարձել պետական և ուժային ապարատը, որը չի դիմում իրական փոխզիջումների և հաղորդակցության այլ բարդ ձևերի, որոնք անհրաժեշտ են քաղաքական ընդդիմախոսների հետ շփումների համար: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, տեղին է փաստել, որ առանց այլընտրանքի՝ նպատակների ընտրության մեխանիզմն ավարտվում է քաղաքականության այլասերմամբ, որը դառնում է սոցիալական հարաբերությունների կարգավորման ձև:
Հարկ է նկատել, որ ՀՀ ներկա իշխող վարչակարգն իրականում հետաքրքրված չէ հասարակության կոմպետենտության և իշխանական-կառավարչական կարգավիճակի բարձրացմամբ: Այսպիսի դեպքերում հասարակությունը զրկվում է իր շահերի ներկայացման ինքնիշխան իրավունքներից և դառնում է անարդյունավետ կառավարման համակարգի պատանդը: Կարող ենք փաստել, որ Փաշինյանի քաղաքական վարչակարգը հետզհետե կորցնում է իր համահասարակական բնույթը, կորցնում է կապն իր «սիրելի» ժողովրդի հետ՝ զրկելով իր «նորարարական» ներուժից ու «հեղափոխական» էյֆորիկ աջակցությունից:
Արմեն Հովասափյան