Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա:
«Մեր տեսանկյունից միջուկային գործարքի ամբողջական կատարմանը վերադարձը կախված է այն բանից, թե մենք չորս ամսվա ընթացքում կստանանք արդյոք վարկ 15 մլրդ դոլարի չափով: Հակառակ դեպքում մենք կշարունակենք միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը»,- Արագչիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին սեպտեմբերի 3-ին հայտնել է, որ Իրանը կարող Է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ:
«Եթե Իրանը որոշում ընդունի, ապա կարող է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է պաշտոնյան:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում), ասել է, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունք չտան: Նա հավելել է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»:
Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել Է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր Է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: