Բաժիններ՝

«Կատարվել են բազում ուսումնասիրություններ և քնություններ, որտեղ իմ անմեղությունը հաստատված է». Արմեն Տանանյանը՝ Արսեն Թորոսյանի հրապարակումների մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա տապալված ասուլիսից ետո իր ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել՝ «Մի փոքրիկ պատմություն մի մեծ կենտրոնի մասին։ Կամ՝ Ինչպես էին նախկինում կատարվում ներդրումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» գրառումով:

Ըստ այս նամակագրության՝ «Վարան Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք ծագել են Հայաստանում ռադիոթերապիայի սարքեր տեղադրելու իրենց նախաձեռնությունից հետո: Նամակագրության մեջ մասնավորապես նշվում է, որ ընկերության գրանցումից հետո Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը պահանջել է ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը և տվել եղբորը՝ Հայկ Տանանյանին:

168.am-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմեն Տանանյանից: Նա մեզ հետ զրույցում եղավ հակիրճ. «Ասեմ շատ կարճ, որովհետև արդեն հանգստի մեջ եմ: Այդ հարցի շուրջ կատարվել են բազում ուսումնասիրություններ  և քնություններ, որտեղ որ իմ անմեղությունը հաստատված է. այլ մեկնաբանություն չեմ տալիս»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հիմնավոր էր համարել Արմեն Տանանյանի աշխատանքից ազատումը՝ մասնավորապես նշելով.

Կարդացեք նաև

«Հիմքեր կային՝ սկսած այդ կենտրոնի հետ կապված ընդհանուր բողոքներից, և մի մասնավոր դեպք,  երբ կենտրոնի տնօրենը խոչընդոտել էր օտարերկրյա ներդրում ու մինչև հիմա խոչընդոտում էր: Որոշումն իրավաչափ է ու տեղին»:

Վերջինին անդրադառնալով՝ ուռուցքաբան Գևորգ Թամամյանը նշել էր, որ ԱԱԾ 11 ամիս տևած հետաքննության արդյունքները վկայում են, որ չի եղել դիրքի չարաշահում, և ոչ մի խոչընդոտ չի եղել. «Դեռ ավելին, դրանից հետո  պարոն նախարարը նույն օտարերկրյա ներդրողին հանձնել է ճառագայթային բժշկության մի կարևոր ոլորտ, որն ունի ստրատեգիկ նշանակություն. թող իրավապահները պարզեն՝ ինչ է կատարվում»:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ մանկաբույժ, բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակին՝ մասնավորապես նշելով. «Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից:

Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը՝ ասելով, որ ՈւԱԿ-ը գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:

Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:
Մտահոգիչ են Նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը՝ հեռանալու որպես խորհրդատու, և նրա բարձրացրած հարցերը որոլտի վերաբերյալ:

Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն և տրվեն գնահատականներ:
Առաջիկայում ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս