Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է պետությունն ու պետականությունը
Յուրաքանչյուր պետության ղեկավար, հարցազրույց կամ տարբեր մեկնաբանություններ անելիս, հանրությանը յուրահատուկ մեսիջներ է փոխանցում և ակնարկում իր հետագա «քողարկված» նպատակների ու քայլերի մասին։ Որպես կանոն, հանրությունն ուշի ուշով է հետևում իր առաջնորդի հարցազրույցներին։ Օրերս Նիկոլ Փաշինյանը բավականին ծավալուն հարցազրույց էր տվել Nouvelle d’Arménie պարբերականին: Չխորանալով հարցազրույցի մանրուքների մեջ՝ անդրադառնանք Փաշինյանի կողմից ներկայացված Արցախին վերաբերող մի քանի դիտարկումներին։
Ն. Փաշինյանն ասել է․ «Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետևանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր ՀՀ-ում նոր իշխանություն է, և, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններն են Արցախում»։
Արձանագրենք հետևյալը․ Փաշինյանը, մեկուկես տարի է՝ երկրի ղեկավար է, բայց այդպես էլ չհասկացավ, թե ինչ է պետությունն ու պետականությունը, ինչ է իշխանությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու գործառույթներով։ Ու չհասկանալով, թե ինչ է իրական պետությունը՝ գնալով այդ թնջուկը խորացնում է, որն ի սկզբանե թվում էր, թե արհեստական է, բայց իր խոսքից պարզ երևում է, որ Փաշինյանն ինքն է նպաստում Հայաստան-Արցախ հարաբերություններում առկա արհեստական կեղծ օրակարգին։
Երբ Փաշինյանն ասում է, թե «Արցախի գործող իշխանությունը կապ է ունեցել ՀՀ նախորդ իշխանությունների հետ», սա նույնպես հերթական ֆեյք տեղեկատվությունն է, քանի որ ներկայումս նա աջակցում է, գոնե երևացող մասով, այնպիսի անձանց (կլինի դա Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը կամ Աշոտ Ղուլյանը), ովքեր արցախյան գործող իշխանության մաս են կազմում և շատ լավ հարաբերություններ են ունեցել հայաստանյան նախորդ բոլոր կառավարությունների հետ՝ կլիներ դա Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի իշխանության ժամանակաշրջանում։ Նիկոլի խոսքից անտրամաբանական եզրահանգում կարելի է անել, քանի որ, երբ նա ասում է, թե «սպասելի է, որ 2020-ից հետո երկու պետությունների իշխանությունների միջև ներդաշնակություն կլինի նաև կառավարական մակարդակով», ստացվում է՝ կա՛մ նա տեղյակ չէ, որ մարդիկ, ում իրենք աջակցում են նախկին իշխանությունների հետ անմիջական կապի մեջ են եղել և ունեցել են լավ հարաբերություններ, կա՛մ, որն ավելի տրամաբանական է և բնորոշ է Փաշինյանի գործելաոճին, սպասելի է, որ հետագայում նա «կքցի» նաև նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին։
Ահա հենց այս պարագայում հնարավոր է, որ իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է Սահմանադրության մեջ հասնել փոփոխությունների, որպեսզի Հայաստանից «դեսանտ» իջեցնի (հիշեցնենք, որ խոսք էր գնում, թե Արցախում հնարավոր է՝ Փաշինյանն առաջարկի ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի թեկնածությունը)։
Մի բան ակնհայտ է, և դրանում բոլորն են համոզվել նաև իր թիմում, որ Փաշինյանը սեփական թիմակիցներին «պոդստավկա» անելու գրոսմայստեր է և հետքայլ չի անի՝ իր քաղաքական ամբիցիաներին հասնելու համար։ Ասվածի դասական օրինակը կարող է հանդիսանալ ՔԿ շուրջ ընթացող զարգացումները։
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 15-ին կառավարության նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հպարտորեն ներկայացրել է «Էլարդ» ընկերության Ամուլսարի փորձաքննության արդյունքները, իսկ ավելի ուշ այդ գործով Քննչական կոմիտեի ներկայացուցիչ էր նշանակվել Յուրա Իվանյանը։
Արդեն օգոստոսի 30-ին «Էլարդ» ընկերության հետ ունեցած տեսակապի ժամանակ հաստատվում է, որ փորձաքննության հետ խնդիրներ կան, ինչից հետո սեպտեմբերի 2-ին Իվանյանի նկատմամբ հարուցվում է ծառայողական քննություն։ Սակայն նշենք, որ իշխանական լրատվամիջոցները տարբեր «ակնարկներ» են անում, որ հնարավոր է՝ իր պաշտոնին հրաժեշտ տա Քննչական կոմիտեի նախագահը, և սա՝ այն դեպքում, երբ Փաշինյանը հենց ՔԿ-ի միջոցով էր փորձում լեգիտիմացնել իր նախաձեռնությունը։
Այնինչ, այլ սցենարի դեպքում, հանդիպեց քաղաքացիական դիմադրությանը և փորձեց այս դեպքում էլ «փուռը» տալ քննչականին։ Քննչականի այս դեպքը ցույց տվեց, որ «ամուլսարյան քաոսի» համար պատասխանատվություն է կրելու հենց քննչականը, այլ ոչ թե Փաշինյանն ու իր ապիկար խորհրդականները։
Փաստացի ստացվում է այնպես, որ քաղաքական որոշման արդյունքում է նմանատիպ օպերացիան մշակվել․ Փաշինյանը, հասկանալով, որ հանդիպում է հանրային լուրջ դիմադրության, որ իր՝ հանքը շահագործելու գաղափարն ընդունվում է սվիններով, միանգամից հետքայլ է կատարում և ամեն ինչում «մեղադրում» Քննչական կոմիտեին՝ հայտարարելով, որ «այս թյուրիմացությունը տեղի է ունեցել ՔԿ-ի անփույթ աշխատանքի պատճառով»:
Ի դեպ, չի բացառվում, որ ծառայողական քննության ենթարկվողների և «մեղավորների» մեջ Իվանյանը միակը չլինի, նույնը սպասվում է մյուս ուժայիններին։ Հայտնի է, որ իշխանափոխությունից հետո Քննչական կոմիտեն, ոստիկանությունը, մյուս բոլոր ուժայինները, ովքեր արագ-արագ «վազեցին» և իրենց հավատարմությունը հայտնեցին գործող իշխանություններին, տարբեր խնդիրներ են լուծում, հաճախ՝ նաև օրենքը շրջանցելով, և, ցավոք, չեն գիտակցում, որ ստեղծվելու է այնպիսի մի իրավիճակ, երբ քավության նոխազը, կամ, կոպիտ ասած, «պոդստավկա» լինելու են հենց իրենք․ նրանք ուղղակի դառնալու են իշխանությունների քաղաքական ամբիցիաների «լուռ» զոհը։
Արմեն Հովասափյան