
Ֆրանսիայում վիրուսից մաքրել են «կոտրանքի» ենթարկված 850 հազարից ավելի համակարգիչներ

Ֆրանսիայի ժանդարմերիայի կիբեռհանցագործության դեմ պայքարի կենտրոնը (C3N) կարողացել է վիրուսից մաքրել ավելի քան 850 հազար համակարգիչ, որոնք «կոտրանքի» էին ենթարկվել հանցավոր կազմակերպության կողմից: Այդ մասին հայտնել է Figaro թերթը:
Թերթի տվյալներով՝ հաքերների խումբը, որոնց մասին խոսվում է, համաշխարհային ցանցում գործել է առնվազն երեք տարի: Ազգային ժանդարմերիայի «հաքերներ որսողները» կարողացել են հեռավորության վրա վիրուսից մաքրել ավելի քան 850 հազար համակարգիչ: Դրանք բոլորը վերահսկվում էին հաքերների կողմից՝ առանց տերերի գիտության:
Տեղեկատվական անվտանգության համար ծրագրային ապահովման մշակող Avast-ն արձանագրել է մեծ թվով համակարգիչների վարակում, որոնք հիմնականում գտնվում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, եւ կապվել է C3N -ի հետ:
Ժանդարմները շատ արագ հասկացել են, որ հրահանգային եւ վերահսկիչ սերվերը, որի միջոցով կատարվել է գրոհը, գտնվում է Փարիզի տարածաշրջանում: Դրանից հետո C3N-ի աշխատակիցները կարողացել են ստեղծել սերվերի պատճենը եւ մաքրել վարակված համակարգիչների մեծ մասը՝ ոչնչացնելով վնասաբեր ծրագիրը՝ «որդը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: