«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է վատանալ, նա դեռ անվասայլակով է տեղաշարժվում». Փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է բացասական դինամիկա գրանցել։ Այս ամենն արդեն փաստել են ոչ թե նրան բուժող բժիշկները, այլ արձանագրել է դատարանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որը փորձաքննություն է իրականացրել և արձանագրել, որ Գրիգորյանի առողջական վիճակում գրանցվել է բացասական դինամիկա։ Նա կրկին տեղաշարժվում է անվասայլակով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներում խնդիրներ են տեսնում, քանի որ դատարանը Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունները միշտ մերժում էր՝ պատճառաբանելով, որ հարցը կդիտարկեն միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից հետո։ Իսկ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն ուշանում է և դեռ հարց է՝ երբ այն կլինի։ Մինչդեռ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, և, գտնվելով կալանքի տակ, խնդիրներ են առաջանում, որպեսզի վերջինս նորմալ բուժումներ ստանա, որի հետևանքով էլ, ըստ պաշտպանի՝ նրա առողջական վիճակն օր օրի վատթարանում է։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած դիմումին, Լևոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ն արդեն որոշում կայացրել է, որ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկել, մասնավորապես՝  Մ. Գրիգորյանի բուժման հետ կապված, ըստ որի՝ նա իր բուժումը պետք է ստանա քաղաքացիական հիվանդանոցում։

«Ներկայացվել է, որ առաջնահերթության կարգով պետք է լսեն ընդհանուր գանգատը, ինչը վերաբերում է ապօրինի կալանքին և խոշտանգման փաստին, ուստի սարերի հետևում չէ, որ ՄԻԵԴ-ը կանդրադառնա ընդհանուր գանգատին։ Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի խոչընդոտեն իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու բոլոր գործառույթները»,- հավելեց փաստաբանը։

Հարցին՝ առաջիկայում կրկին կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն կներկայացնե՞ն, փաստաբանը պատասխանեց, որ դատարանն ամեն ինչ անում է, որպեսզի չիրականացնի արդարադատություն, քանի որ վաղուց պետք է որոշում կայացներ խափանման միջոց կալանավորումը փոխելու։

«Բժշկական բոլոր փաստաթղթերը փաստում են, որ խափանման միջոց կալանավորումը խոչընդոտում է անձի բուժմանը, մենք բոլոր ապացույցները ներկայացրեցինք, սակայն դատարանը որոշեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի, որից հետո հարցին անդրադառնան։ Կարծում եմ՝ սրանով դատարանը թույլ տվեց ոչ իրավաչափ գործառույթ, որի վերաբերյալ մենք փաստաթղթեր ենք նախապատրաստում ՄԻԵԴ ուղարկելու համար»,- եզրափակեց փաստաբանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս