Բաժիններ՝

«Ամենակոշտ ձևերով պետք է գնանք ու հարցը լուծենք, որովհետև սա հանրային առողջության խնդիր է». Նիկոլ Փաշինյանը՝ օրենքով գողերի, սխոդկաների, «ավտարիտետների» մասին

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ դրանով քրեական պատասխանատվություն է սահմանվում սահմանադրական արժեքների ոտնձգությունների, հասարակական վարքագծի կանոնների խախտման համար, որոնք մարտահրավեր է ներկայացնում հասարակության ու պետության համար, այսինքն՝ հարցը վերաբերում է քրեական աստիճանակարգերին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին, բանդաներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց հարցը. «Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, օրենքով գողերին, սխոդկաներին, կներեք՝ կառավարության նիստում այսպիսի բառեր եմ օգտագործում, աբշյակներին, և այս կարգի այլ երևույթներին, և այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար՝  նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու: Ճի՞շտ ենք հասկանում, որ սրա մասին է խոսքը»:

Ռ.Բադասյանը հաստատեց և նշեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն օրենքով գողը, այլ նաև կարող է լինել քրեական հեղինակություն, որը նույն հանցավոր ենթամշակույթ կրող խմբի ստեղծող ու ղեկավարող է:

«Թարգմանաբար ասած՝ ավտարիտետը»,- նկատեց վարչապետը:

Նախարարը հավելեց, որ դրա մեջ է մտնում նաև «մատաղի փողը», որը հավաքվում է հենց քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նպատակների համար:

Ն.Փաշինյանի խոսքով՝ այս կարևոր խնդիրը պետք է շատ վճռական լուծել, որի համար գործիքակազմ իրավապահները շատ դեպքերում չեն ունենում և խնդիր է առաջանում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրենքի այս փոփոխությունն անվանեց «ոչ շարքային»: Ըստ նրա՝ այսօր հանցագործության մակարդակի վրա էական ազդեցություն ունի քրեական ենաթամշակույթը, որը բազում հանցագործությունների ծնող պատճառն է: Ա.Դավթյանը հույս հայտնեց, որ այս բացառիկ օրենքը կընդունվի ԱԺ-ում, իսկ իրավապահները պետք է արդեն նախապատրաստվեն, քանի որ օրենքի ընդունումից հետո մեծ աշխատանք է իրականացվելու:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս կարևորեց նախագիծը և հիշեցրեց, որ անցած տարի ինքը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ, և այս նախագիծը դրա հիմնարար մասերից մեկն է: Ըստ նրա՝ շատ կարևոր է լինելու պրակտիկան՝ մեկ այլ ծայրահեղության չհասնելու համար, և Արդարադատության ակադեմիայում քննիչների, դատախազների, դատավորների համար հատուկ կուրսի ներդրումը լավ նախաձեռնություն է: ՄԻՊ դիտարկմամբ՝ այս ենթամշակույթի «որջը» քրեակատարողական հիմնարկները կամ անազատության վայրերն են, որտեղ նույնպես շատ լայնածավալ աշխատանք պետք է արվի:

Վարչապետը հատուկ անդրադարձավ հանրային պարզաբանման մի քանի կարևոր կետերի, օրինակ՝ ասվում է, թե, ենթադրենք, մարդը օրենքով գող է կամ քրեական հեղինակություն է, ինչո՞ւ են նրան քրեական պատասխանատվության ենթարկում:

Ն.Փաշինյանի խոսքով՝ պրակտիկայում այդ կարգավիճակը նշանակում է, որ այդ մարդը զբաղվում է պրոֆեսիոնալ ձևով հանցագործություններ կազմակերպելով. «Դա աշխատանք է, որի նպատակը հանցագործություններ կազմակերպելն է»:

Նա նշեց, որ ՔԿՀ-ներում այս ենթամշակույթն աջակցություն է ստանում կոռումպացված համակարգի կողմից, և բանտում հայտնված մարդուն ու նրա հարազատներին նյութապես քամում են՝ խաղերի, նորոգումների, «մատաղի փողի» պատրվակներով, ու ամբողջ ընտանիքներ վերջին շապիկն են վաճառում՝ այդ գիշատիչ համակարգից իրենց հարազատների պաշտպանության համար:

Վարչապետը նշեց, որ դիմադրություն է լինելու, և իշխանությունները պետք է շատ վճռական գործեն. «Ամենակոշտ ձևերով պետք է գնանք ու հարցը լուծենք, որովհետև սա հանրային առողջության խնդիր է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս