Անհնարին է պատկերացնել Հայաստանի տնտեսության զարգացումը՝ առանց հանքարդյունաբերության
Մինչ հասարակությունը վերջին օրերին երկփեղկվել և ակտիվորեն քննարկում է կառավարության համառ ջանքերով Ամուլսարի շուրջ ծագած «հակամարտությունը», հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում շարունակում են ոչ պակաս բարձր տեմպով ավելանալ։ Ճիշտ է, առաջին կիսամյակի տվյալներով՝ ոլորտի տեսակարար կշիռն արդյունաբերության մեջ կրճատվել է, բայց այն մնում է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։ Ու չնայած կառավարությունը մտադրվել է վերացնել հանքարդյունաբերության հեգեմոն դերը, այնուհանդերձ հազիվ թե կարելի է կարծել, որ մոտ ժամանակահատվածում այդպես էլ լինելու է։
Հայաստանի տնտեսությունը դժվար է պատկերացնել՝ առանց հանքարդյունաբերության։ Այն առանցքային նշանակություն ունի՝ ինչպես ընդհանրապես տնտեսական զարգացումների, պետական բյուջեի եկամուտների ձևավորման, այնպես էլ աշխատատեղերի ապահովման և սոցիալական խնդիրների լուծման առումով։ Այս հատվածում բավական լուրջ տնտեսական պոտենցիալ է կենտրոնացած, որի ազդեցությունը, հատկապես մի շարք առանցքային ուղղություններով, չափազանց մեծ է և զգայուն։
Պաշտոնական տվյալները վկայում են, որ հանքարդյունաբերության տեսակարար կշիռն արդյունաբերության մեջ նվազել է։ Եթե անցած տարվա առաջին կեսին այն հասնում էր 19,6 տոկոսի, ապա այս տարի կազմել է 17,6 տոկոս։
Տեսակարար կշիռը 2 կետով պակասել է, ինչն առաջին հայացքից՝ գերազանց արդյունք է։ Բայց դեռ վաղ է ասել, որ առաջիկայում էլ այդպես կլինի։
Պարզապես զգացնել են տվել որոշ գործոններ, որոնք աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցությունը։ Պատահական չէ, որ հանքարդյունաբերության աճը թափ է հավաքում։ Առաջին եռամսյակում ոլորտում նույնիսկ անկում էր գրանցվել։ Հիմա արդեն այն մնացել է անցյալում։
Որպեսզի պարզ լինի, թե ինչ է կատարվում` բերենք պաշտոնապես հրապարակված վերջին ցուցանիշները. հունիսին նախորդ տարվա համեմատ՝ հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ծավալներն ավելացել են գրեթե 29 տոկոսով։ Ճիշտ այնպես, ինչպես հին-բարի ժամանակներում, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում խոսելու երկրի ընդերքը թալանելու և ծախելու մասին։
Այնպես որ, շուտ է միայն առաջին կիսամյակի արդյունքներով դատողություններ անել արդյունաբերության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Կասկած չկա, որ մինչև տարեվերջ այդ հարաբերակցությունը փոխվելու է։ Առկա են մի շարք գործոններ, որոնք անպայման իրենց ազդեցությունն են ունենալու արդյունաբերության կառուցվածքի վրա։
Տարվա առաջին կեսին հանքարդյունաբերության տեսակարար կշռի նվազումը տեղի է ունեցել ոլորտի ոչ պակաս բարձր աճի պայմաններում։ Արձանագրվել է արտադրության ծավալների 6,8 տոկոս ավելացում, որը կազմել է 159 մլրդ դրամ։
Աճի տեմպը գուցե մի փոքր ընկել է, բայց այն շատ չի զիջում նախկինին։ Ավելին, գրեթե համարժեք է ամբողջ արդյունաբերության մեջ արձանագրված ցուցանիշին։
Մետաղական հանքաքարի արդյունահանումը տարվա առաջին կեսին ավելացել է 7,1 տոկոսով։ Աճն ավելին է եղել հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման այլ ճյուղերում` 8,7 տոկոս։
Իհարկե, նվազել է պղնձի արտադրությունը։ Բայց դա էլ ժամանակավոր պրոցես է։ Այն աստիճանաբար սկսել է վերականգնվել։ Եթե առաջին եռամսյակում պղնձի արտադրության անկումը հասնում էր 16,5 տոկոսի, ապա տարվա առաջին կեսի տվյալներով՝ տարբերությունն արդեն 3,6 տոկոս է։
Այս դրսևորումները հիմք են տալիս ասելու, որ առաջիկայում հանքարդյունաբերությունը կվերականգնի իր կշիռն արդյունաբերության մեջ։ Ավելին, չի բացառվում, որ նույնիսկ գերազանցի մինչհեղափոխական շրջանի ծավալները։ Դրա համար բավական շատ պատճառներ կան։
Ինչպես հայտնի է, արդեն վերսկսվել է Թեղուտի հանքի շահագործումը։ Հանգուցալուծման է սպասում Ամուլսարի հարցը, որն առանցքային նշանակություն կարող է ունենալ տնտեսության այս ճյուղում արտադրության ծավալների ավելացման գործում։
Այսօր էլ հանքարդյունաբերությունը կարևոր դերակատարություն ունի Հայաստանի արդյունաբերության և ինչո՞ւ միայն արդյունաբերության համար։ Տնտեսության այս հատվածից բավական լուրջ կախվածության մեջ է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների կատարումը։
Հանքահումքային արտադրանքը կազմում է Հայաստանի արտահանման ընդհուպ մինչև 28-29 տոկոսը։ Այս տարի այն մի փոքր նվազել է` հանգեցնելով ընդհանուր արտահանման անկման։
Պետական բյուջեն ևս լուրջ կախվածություն ունի հանքարդյունաբերությունից։ Պատահական չէ, որ մետաղների միջազգային շուկաներում արձանագրվող գնային տատանումներն ուղղակիորեն արտահայտվում են՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ բյուջեի մուտքերի վրա։
Հաշվի առնելով մի շարք առանձնահատկություններ` հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները միշտ էլ բավական մեծ ծավալի հարկային պարտավորություններ են կատարում։ Նրանց մի մասը մշտապես ընդգրկված է խոշոր հարկատուների ցանկում։ Ավելին, այդ ցանկը հաճախ գլխավորում է հենց հանքարդյունաբերության ոլորտի ընկերություն` ի դեմս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»։
Պակաս փոքր չեն նաև մյուսների վճարած հարկերը։ Այլ հարց է՝ դրանք համարժե՞ք են այն ակնկալիքներին, որոնք ունի հասարակությունը, թե՞ ոչ։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին հանքարդյունաբերության հատվածում գործող միայն 7 ընկերություն պետական բյուջեի նկատմամբ կատարել է շուրջ 100 մլն դոլարի հարկային պարտավորություն։ Նրանց մասնաբաժինը պետական բյուջեի եկամուտների ձևավորման մեջ կազմել է 6,6 տոկոս։
Բայց դա ամբողջը չէ։ Հանքարդյունաբերությունն ապահովում է պետական բյուջեի մուտքերի ընդհուպ մինչև 9-10 տոկոսը։
Սրանք այն ոչ բոլոր ուղղություններն են, որոնք մեծացրել են հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ։ Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա ռիսկերն այստեղ միշտ էլ մեծ են եղել ու լինելու են։ Խնդիրը դրանք հավասարակշռելու և հնարավորինս նվազագույնի հասցնելու մեջ է։
Այլապես անհնարին է պատկերացնել Հայաստանի տնտեսության զարգացումը՝ առանց հանքարդյունաբերության։ Դա կլինի Ամուլսարով, թե առանց Ամուլսարի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ