Ուղիղ խոսք ասելու համարձակությունը
Նիկոլ Փաշինյանն այսօր քննադատության թիրախ է դարձել հիմնականում քաղաքական շրջանակների ու ակտիվիստական զանգվածի կողմից: Եկեք ընդունենք, որ փողոցում հազարավոր մարդիկ Ամուլսարի դեմ չեն բողոքում: Ակցիաները փոքրաթիվ են, Ամուլսարի դեմ ելույթ ունեցողները՝ հիմնականում նույն մարդիկ: Բայց թեման շահարկվում է, շահարկվում է ամենատարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք ամենատարբեր ոլորտներում քննադատում են Փաշինյանի կառավարությանը:
Հիմա հանկարծ պարզվել է, որ Ամուլսարին դեմ են նաև այնպիսի ուժեր ու գործիչներ, դրա վտանգներից են խոսում այնպիսի անձինք, որոնց ձայնը երբեք չի լսվել այդ համատեքստում:
Փաշինյանի դեմ են խոսում նույնիսկ Ազգային ժողովի իր ֆրակցիայի ներկայացուցիչները: Այս ամենի մեջ, սակայն, աչքի են ընկնում ՀՀԿ իշխանության որոշ ներկայացուցիչների՝ նախկին պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների գրառումներ ու հարցազրույցներ: Նրանք, ի տարբերություն մեծամասնության, խոսում են ոչ թե Ամուլսարի վտանգներից, ինչպես թելադրում է կառավարությանը թիրախավորելու քաղաքական շահը, այլ անկեղծորեն համաձայնում են, որ Ամուլսարի թույլտվություններն իսկապես տրվել են օրենքի համապատասխան, ու «Լիդիանն» իսկապես ներկայացրել է լավագույն բնապահպանական ծրագիրը, և թույլտվությունների մեջ կոռուպցիա չի եղել, այլ եղել է շատ ամուր բնապահպանական հիմք:
Այսինքն՝ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ, փաստորեն, ի հեճուկս իրենց քաղաքական շահի, առանց որևէ պոպուլիզմի, ասում են, որ Ամուլսարը պետք է շահագործվի: Նման աջակցություն Փաշինյանը չի ստանում նույնիսկ իր մերձավոր թիմի որոշ անդամներից: Նույնիսկ իր կողմից նշանակված ակտիվիստ-նախկին պաշտոնյան նրան մեղադրում է կոռուպցիայի մեջ: Ստացվում է, որ նրա որոշումը պաշտպանող գործիչների մեջ հենց նախկիններն են, որոնք փաստում են՝ կոռուպցիոն գործարք չի եղել, Ամուլսարը մաքուր է: Եվ միակ հարցը, որ դրվում է այսօրվա իշխանության առաջ՝ թե ինչ կարիք կար այսքան հարվածի տակ դնելու երկրի տնտեսությունը: Այստեղ Փաշինյանի կառավարության խնդիրներից մեկը բաց խոսքի բացակայությունն է:
Երբ կառավարության ու իշխանության ներկայացուցիչների հակափաստարկը՝ ուղղված ակտիվիստներին, այն է, թե՝ բա մյուս հանքերի դեմ ինչո՞ւ չեք պայքարում, նույն հարցը կարելի է նաև ներկա կառավարությանն ուղղել: Փորձաքննության եզրակացության քննարկման սղագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ այն իրականացվել է «քրքրենք, որ մի բան գտնենք» սկզբունքով: Քրքրվել ու ուսումնասիրվել է ամեն բզեզ ու թուփ, ու կառավարությունը, ըստ սղագրության, դեռ անցյալ շաբաթ շարունակում էր քննարկել, հո բան բաց չե՞ն թողել: Իսկ մյուս հանքերը նման մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվե՞լ են:
Իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ հենց միայն Ամուլսարը: Մի՞թե ավելի հեշտ չէ ընդունել, որ կարիք չկար ճանապարհները փակած խմբի ահից նորից ու նորից փորձաքննել հենց այն ծրագիրը, որն արդեն անցել էր բոլոր փորձաքննությունները: Մի՞թե հնարավոր չէ անկեղծորեն ընդունել, որ Ամուլսարի շուրջ այս ձգձգված պատմությունը ու արհեստական գործընթացները սխալ էին:
Չէ՞ որ այս փորձաքննությունից բավարարված չմնացին նույնիսկ իշխանության աջակիցները: Ու միայն նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ են ասում, որ այս փորձաքննության կարիքը չկար, անիմաստ էր պետական սուղ միջոցներից մոտ 400.000 դոլար վճարել լիբանանյան ինչ-որ ընկերության՝ կրկին փորձաքննություն անելու համար: Ամուլսարն իսկապես գերստուգված է, մի բան, ի դեպ, որի մասին միշտ բարձրաձայնել է նաև 168.am-ը՝ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո: