«Նույնիսկ մայրաքաղաքում խորհրդարանական ուժերից ոչ մեկը թեկնածու չի առաջադրել»
Արցախում երեկ մեկնարկել է սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը։ Շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ բավականին թույլ մրցակցություն կա։
«Համայնքների 40-50%-ում ընդամենը մեկ թեկնածու է առաջադրված։ Արցախի համայնքները բավականին փոքր են, չունեն սեփական եկամուտներ, զարգացման հնարավորություններ, և գյուղապետի պաշտոնը ռեալ հնարավորություն չի տալիս տարբեր հարցեր լուծելու։ Նաև դա է պատճառը, որ թույլ է մրցակցությունը»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ գլխավոր խնդիրն այն է, որ ՏԻՄ ընտրություններն այս տարի նույնպես տեղի են ունենում իշխանությունների քաղաքական կամքի բացակայության պայմաններում, քանզի ենթադրվում էր, որ անցած տարի նոր ՏԻՄ օրենք պետք է ընդունվեր, որը տեղի չունեցավ.
«Պատճառը տարբեր փողոցային ակցիաներն էին իշխանությունների դեմ, և նրանք վախենում էին, որ ՏԻՄ համակարգը փոփոխելը կարող է նոր դժգոհությունների ալիք բերել, և որոշեցին թողնել հին համակարգը, որով նորմալ ՏԻՄ չենք կարող ունենալ։ Եվ ՏԻՄ համակարգն Արցախում սոցիալական խնդիր է լուծում՝ համայնքներում աշխատանքով ապահովելով 4-5 մարդու»։
Հ.Խանումյանի խոսքով՝ ամենամեծ մրցակցությունը Ստեփանակերտում է, կան ինքնառաջադրված թեկնածուներ և մեկ արտախորհրդարանական ուժի թեկնածու. «Այստեղ նույնպես քաղաքական պայքար չեմ տեսնում։ Իհարկե, բոլորն էլ լավ թեկնածուներ են, և կարծում եմ՝ քաղաքապետը կփոխվի, կփորձի նոր շունչ հաղորդել քաղաքին, սակայն Ստեփանակերտը նույնպես խնդիրներ ունի, բյուջեի 2/3-ը դոտացիա է, սեփական մուտքերը քիչ են, և այս առումով մեծ զարգացումներ ակնկալել չենք կարող»։
Հ.Խանումյանը նշեց, որ այս ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, և քաղաքական ուժերի պայքար չի լինի.
«Այնպես որ, առաջիկա 5 տարին ՏԻՄ-ի համար կլինի անցումային փուլ, և 2020 թ. իշխանությունների ձևավորումից հետո կփոխվի նաև ՏԻՄ համակարգը, որը նաև Սահմանադրության պահանջ է, կվերացվեն շրջանները և կմնան համայնքները, որոնք այլ ելք չունեն, քան խոշորանալը»։
Պատգամավորի կարծիքով՝ այս ընտրությունները բոլորվին չեն արտացոլի հաջորդ տարի համապետական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի հնարավորությունները.
«Նույնիսկ մայրաքաղաքում խորհրդարանական ուժերից ոչ մեկը թեկնածու չի առաջադրել։ Միակ քաղաքական ՏԻՄ ընտրությունը եղել է 2004 թ., երբ ընդդիմության թեկնածուն՝ Էդուարդ Աղաբեկյանը, ընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետ, ինչն էլ ճակատագրական եղավ 2005թ.-ին համապետական ընտրությունների ժամանակ, և իշխանությունը վարչական ռեսուրսները կենտրոնացրեց, որ ընդդիմությունը նվազագույն ներկայացվածություն ունենա խորհրդարանում։ Միակ հաջողված ՏԻՄ քաղաքական ընտրություններն այդպիսի հետևանք են թողել 15 տարի առաջ»։