Հնարավորինի արվեստն ու հայկական «մեսիան»
Առօրյա կյանքում քաղաքականություն ասելով՝ հասկանում ենք ցանկացած ամուր նպատակամղված գործունեություն այլ մարդկանց հանդեպ` պետության ղեկավարի գործունեությունից մինչև խելացի կնոջ և ամուսնու հարաբերություններում:
Քաղաքականության տակ հասկանում ենք նաև հնարավորինին հասնելու արվեստ, իսկ երբեմն բնութագրում են՝ որպես «կեղտոտ գործ»:
Այս տարբերակվածությունը պայմանավորված է երևույթի բարդությամբ, բազմամակարդակությամբ, հարստությամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածաշրջանի երկրներում, ուր հասարակական կարծիքը հատկապես ճգնաժամային իրավիճակներից արմատապես փոխվեց, քաղաքականության և քաղաքական գործիչների նկատմամբ հուսախաբություն առաջացավ, այն դեպքում, երբ 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին ազգաբնակչության զգալի մասն ակտիվորեն քաղաքականացվում էր: Բնակչությանն առավել հուզում էին նյութական խնդիրները, տնտեսական փոփոխությունները, ուստի քաղաքական դաշտ մտան երբևէ այնտեղ ոտք չդրած 10-յակ և 100-ավոր անձինք:
Քաղաքականության մեջ մասնակցության հնարավորությունն աստիճանաբար «հոմո սովետիկուսին» վերափոխեցին «հոմո պոլիտիկուսի»: Այժմ ևս կարևորություն է ստանում այն հարցը, թե ինչ է քաղաքականությունը` արվե՞ստ, թե՞ խարդավանք, էլիտայի քաղցր գաղտնի՞ք, թե՞ զանգվածներին հիմարացնելու խաղ:
Այս հարցերին պատասխանելու համար հարկավոր է քաղաքականությունը դիտարկել՝ որպես հասարակական կյանքի ոլորտ, որպես մարդկային գործունեություն և սոցիալական հարաբերությունների ձև:
Հարկ է հասկանալ, թե ինչ ասել է՝ «քաղաքականություն» առավել լայն նշանակությամբ, այսինքն՝ որպես մարդու և հասարակության կյանքի հիմնավորված, ինքնուրույն ոլորտ, որն է նրա բնույթը, առանձնահատկությունները, և ինչով է տարբերվում այլ ոլորտներից (տնտեսական, հոգևոր և այլն):
Այս հարցերը քաղաքականության պես հին են. դրանց մեկնաբանման հարյուրավոր տարբերակներ են ստեղծվել: Ցանկացած քաղաքագետ կամ քաղաքական մտածող հանգում է այս հարցին: Յուրաքանչյուրը պատասխանում է այս հարցերին իր փիլիսոփայական-սոցիոլոգիական աշխարհայացքով` քաղաքական դիսկուրսի մեթոդաբանական հիմքով, և մյուս կողմից`իր արժեքային կողմնորոշումից, աշխարհայացքային դիրքից, քաղաքական սուբստանցիայի բնության գնահատման աքսիոլոգիական չափանիշից և քաղաքական ծրագրերի դոկտրինայից, որոնք իրենց բնույթով ծառայում են՝ որպես «կոորդինատային համակարգ»:
Սակայն այսօր էլ շատ հարցեր չեն ստացել իրենց պատասխանները: Ավելին, գնալով ավելի հասարակ ու պրիմիտիվ է դառնում քաղաքականության արժեհամակարգը, ու պետական համակարգը վերածվում է «մսուր-մանկապարտեզի»։
Սա առավել ակնառու դարձավ հայաստանյան վերջին զարգացումներից հետո, երբ ամենաշարքային և քաղաքական ու կուսակցական հարաբերությունների մասին ընդհանրապես գաղափար չունեցող անհատները սկսեցին «լրջագույնս» զբաղվել քաղաքական հարցերով։ Ինչ խոսք, քաղաքական որոշում կայացնելու և քաղաքական պատասխանատվություն ունենալու համար անհրաժեշտ է որոշակի փորձ ու «քաղաքական հոտառություն», որը «մեծ շախմատային պարտիայում» առանցքային դրույթներից մեկն է, իսկ այն, ինչ տեսնում ենք այսօրվա հայաստանյան իրականությունում, քաղաքականության հետ, շատ մեղմ ասած, ընդհանրապես ոչ մի աղերս չունի։
Ամենուր տեսնում ենք իշխանական բարձրագույն բուրգում գտնվող ղեկավարների ու իշխող կուսակցության ներկայացուցիչների բացահայտ «աբիժնիկ» պահվածք, որտեղ նրանք առաջնորդվում են ոչ թե պետական շահով կամ կուսակցության որոշված տեսլականով (ինչը ՀՀ իշխող կուսակցության պարագային գոյություն չունի, քանի, որ երկրի վարչապետն «իզմեր» չի սիրում), այլ նեղ անձնական ցանկություններով ու մղումներով։
Վերոնշյալին ականատես ենք լինում վարչապետի մակարդակով կայացված որոշումներով․ երբ դեռ Նիկոլ Փաշինյանը չէր ստանձնել երկրի իշխանության ղեկը, հրապարակներում անընդհատ շեփորահարում էր, թե՝ «վենդետա չի լինելու», «կադրային ջարդ չի լինելու», «արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն չի լինելու», սակայն վարչապետ դառնալուց հետո ականատես եղանք սեփական մարդկանցով համակարգը լցնելու, պրոֆեսիոնալ կադրերին կրճատելու կամ ուղղակի աշխատանքից ազատելու, քաղաքական դաշտում անձնական թշնամիներին լիկվիդացնելու բազմաթիվ օրինակների։
Նույն գործելաոճը տիրում է նաև ավելի ներքին օղակներում․ մարզերում մարզպետները դասական ֆեոդալի կեցվածքով են շրջում՝ նախկին համակարգի հետ ասոցիացվող դեմքերին բացահայտ հետապնդելով (դպրոցի տնօրեններ, ՀՈԱԿ-ների տնօրեններ, ԲԿ տնօրեններ, հաշվապահներ և այլք)։
Քանիցս նշել եմ, որ Փաշինյանն իր համար ունի նախկիններին դեմոնիզացնելու և սեփական անհաջողություններն ու ակնհայտ ձախողումները նախորդ իշխանությունների վրա բարդելու «ոսկի բանաձևը», դա շատ հեշտ է, քանի որ այդ կերպ մարդկանց աչքին շարունակում են «վատն» ու «կեղեքող», «թալանչի» երևալ Սերժի Հայաստանի ներկայացուցիչները, այլ ոչ թե Նիկոլի «ափաշկյարա» «պռավալները»։ Յուրաքանչյուր «լայվի» ընթացքում Փաշինյանը մեղմ ու բարի ժպիտով շարունակում է «սիրել ու հպարտանալ ժողովրդով», ասել, որ «նրանք են երկրի միակ ու իսկական տերերը», որ «այլևս չի լինելու հին կարգերը», և նման՝ արդեն գրեթե ոչ մի էֆեկտ չունեցող քարացած արտահայտություններ։ Սակայն այս «սարկազմիկ դարաշրջանին» կարծես թե նույնպես առաջիկայում վերջ կտրվի, քանի որ հանրության գիտակից հատվածը միանշանակ նկատում է, որ գործող իշխանությունները, հայտարարություններից ու ամպագոռգոռ տեքստերից այն կողմ, ոչինչ չեն անում, և միայն լսում ենք «պետք է, անհրաժեշտ է» ձևակերպումներով կենացային խոսակցություններ։
Փաստենք միայն մի փոքր դրվագ․ օրինակ, առաջիկա ձմռան նախաշեմին ժողովուրդը բախվելու է վառելիքի խնդրի հետ, որը, ցավոք, կենացով ու բառերով լուծելն անհնար է, և թե ի՞նչ լուծման մեթոդիկա կամ հստակ կարգավորում է մտածել «մեսիա» Փաշինյանը, դեռևս առերևույթ չի նշմարվում։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Արիստոտելը հստակ նշում էր, որ քաղաքականությունը դա նախևառաջ պետությունն է, իսկ քաղաքականության ոլորտը հենց պետական հարաբերությունների ոլորտն է և պետական կառավարումը: