«Բարեփոխում բոլորովին չի նշանակում՝ մի դեբիլին փոխարինել մեկ այլ դեբիլիկով». Հրաչ Բերբերյան
«Ոռոգման ջրի համակարգն այսօր ավելի աղետալի վիճակում է, քան նախկինում էր». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով:
«Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է: Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սևանից:
Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:
Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,- գրել էր վարչապետը։
168.am-ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանն անդրադառնալով ոռոգման ջրի համակարգին՝ նշեց, որ այն այսօր ավելի աղետալի վիճակում է, քան նախկինում էր, ուստի վարչապետի այն հույսերը, թե ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունքները թույլ կտան, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ չիրականացնեն, իրատեսական չեն։
«Մենք այսօր ապրում ենք հետաքրքիր հակասությունների ժամանակաշրջանում, երբ մի բան են ասում, բոլորովին այլ բան՝ անում։ Կառավարության այն հայտարարությունները, որ պետք է այդ համակարգում իրականացնեին բարեփոխումներ, այդպես էլ չեն կատարվել, պարզապես մի սափրվածին փոխարինել են մեկ այլ չսափրվածով։ Սա բարեփոխում չէ, այլ խեղկատակություն։
Բարեփոխում ասելով՝ մենք հասկանում ենք՝ բնագավառը տեսքի բերել, սարքել ավելի հեշտ կառավարվող, արմատախիլ անել կոռուպցիան»,- ասաց Հ. Բերբերյանը։
Նրա խոսքով՝ այդպես էլ պատկան մարմինները չեն պատասխանել իրենց այն հարցմանը, թե այն նոր նախագիծը, որի դիմաց գյուղացիներից ջրի գումար են վերցրել, ո՞վ է մշակել։
«Մենք գիտենք, որ Ջրային կոմիտեն է մշակել, որը թալանում է գյուղացուն։ Այս թալանը՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ հոսանքի կոռուպցիա է եղել, և այլն։ Չեմ բացառում, որ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը շատ բաներ էր բացահայտել, բայց ամեն ինչ կիսատ մնաց։ Այսինքն՝ ասածս այն է, որ բարեփոխում բոլորովին չի նշանակում՝ մի դեբիլին փոխարինել մեկ այլ դեբիլիկով։ Այդ ի՞նչ բարեփոխում են անում, որ ոռոգման այսօրվա համակարգն ավելի խայտառակ վիճակում է, քան նախկինում էր»,- շեշտեց նա։
Ըստ Հրաչ Բերբերյանի, եթե ժամանակին ոռոգման համակարգը գտնվում էր Գյուղատնտեսության նախարարության վերահսկողության տակ, ապա այսօր հայտնվել է էներգետիկների մոտ, որի արդյունքում ունեն այն, ինչ ունեն։
Նա վստահեցրեց, որ Սևանից հէկ-երի համար են ջուր վերցնում, քանի որ ջրամբարներն այսօր ամբողջությամբ բավարար են ոռոգման համար։
«Եթե ուզում են ոլորտում բարեփոխումներ իրականացնել, ապա կարող են դիմել մեզ՝ կօգնենք, մենք այս ծրագիրն ունենք»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան