Բաժիններ՝

Էնդի Սերքիսը նկարահանելու է «Վենոմ» ֆիլմի շարունակությունը

Բրիտանացի ռեժիսոր Էնդի Սերքիսը, որը հայտնի է «Քինգ Քոնգ» (2005 թ.) եւ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» (2011 թ.) ժապավեններով, նկարահանելու է «Վենոմ» ֆանտաստիկ ֆիլմի (2018 թ.) շարունակությունը՝ գլխավոր դերում Թոմ Հարդիի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը: Նրա տվյալներով՝ Սերքիսը հուլիսի վերջին մեկ շաբաթով ժամանել էր Լոս Անջելես (Կալիֆոռնիայի նահանգ), որպեսզի հանդիպի Sony ընկերության ղեկավարության հետ:

«Վենոմ-2»-ի նկարահանումների ղեկավարման թեկնածուները մի քանիսն էին, նախապատվությունը տվել են բրիտանացուն: Նա ռեժիսորի դերում հանդես կգա երրորդ անգամ՝ «Շնչիր մեզ համար» (2017 թ.) դրամայից եւ «Մաուգլի»-ից (2018 թ.) հետո: Սերքիսը նորությունը հաստատել է Instagram-ում:

«Դա իսկապես տեղի է ունենում: Ես զգում եմ՝ ինչպես է Սիմբիոտը (էակ, որը գերկարողություններով է օժտում մարդուն) հաստատվել իմ մեջ, եւ ես պատրաստ եմ ճանապարհորդելու: Անհամբերությամբ եմ սպասում այդ պահին»,-գրել է ռեժիսորը: «Վենոմ» արկածային Էքշնը 100 մլն բյուջեի դեպքում վարձույթում հավաքել է ավելի քան 856 մլն դոլար: Ժապավենի ռեժիսորը Ռուբեն Ֆլյաշերն էր («Բարի գալուստ Zոմբիլենդ»):

Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են Թոմ Հարդին («Ողջ մնացածը», «Դյունքերք», «Թուխ Ասպետը. լեգենդի վերածնունդը»), Միշել Ուիլյամսը («Օզ. մեծ եւ սարսափելի», «Մեծագույն շոումենը»), Ռիզ Ահմեդը («Վտարակ-մեկ. աստղային պատերազմներ: Պատմություններ) եւ այլն: Սյուժեի համաձայն, գլխավոր հերոսի մարմնում տեղավորվում է Վենոմ անունով էակը, որը նրան օժտում է գերընդունակություններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս