«Մազից կախված» հայ-ռուսական հարաբերությունները

Վերջերս հայ-ռուսական հարաբերություններում հետաքրքիր միտում է նկատվում: Գլոբալ առումով ամեն ինչ դեռ լավ է՝ ամենաբարձր մակարդակով հնչեցվող բարեկամության հավաստիացումներ, Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ աշխատանքներին, սերտ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցություն, հայ սակրավորները և բժիշկները գտնվում են Սիրիայում: Մյուս կողմից, վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցան մի շարք փոքր, բայց անհանգստություն առաջացնող միջադեպեր, որոնք կարող են ապագայում բացասական ազդեցություն ունենալ երկու պետությունների հարաբերությունների վրա:

Վերջին օրերին աշխատանքային այցով Ղրղըզստանում էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Նա հանդես եկավ բավականին ինտրիգային ելույթով։

Նշված հանդիպման ողջ ընթացքում Փաշինյանն ամբողջությամբ կենտրոնացած է եղել հայ-ռուսական հարաբերությունների շտկման ու հստակեցման վրա։ Տեղին է փաստել, որ հայ-ռուսական հարաբերությունները պատմության մեջ երբեք այսքան լարված չեն եղել։ Սա, ինչպես շատերն են գնահատում՝ արդեն լրջագույն մարտահրավեր է ՀՀ անվտանգության համար։

Փաշինյանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձել է համաձայնություն ստանալ, որպեսզի հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակներում անպայման ՀՀ ժամանի ՌԴ նախագահ Պուտինը։

Ամենայն հավանականությամբ, հենց դրանով էր պայմանավորված, որ իր ելույթում նա հատուկ շեշտել է, որ հոկտեմբերին Երևան են ժամանելու Սինգապուրի և Իրանի ղեկավարները, իր այդ ժեստով նա կարծես փորձել է հասկացնել ֆորումի մասնակիցներին, որ հանուն ԵԱՏՄ-ի շահերի՝ Երևան է հրավիրել այդ երկու երկրների ղեկավարներին։

Նման կերպ նա փորձել է Պուտինին «սիրաշահել» և անպայման հրավերի համաձայնություն ստանալ ռուսական կողմից։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանն այնքան է շահագրգռված եղել այդ հրավերով, որ ողջ արարողակարգն ու վարչություննները կցված են եղել այդ հարցում հաջողություն ապահովելու գործին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմի ներկայացուցիչները, սակայն, ոչ մի պատասխան չեն տվել՝ ուղղակի դիվանագիտորեն շրջանցել են այդ թեման:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է անգամ անձամբ Մեդվեդևի միջոցով  համաձայնություն ստանալ, սակայն կրկին ցանկալի արդյունքի չի հասել։

Փաշինյանը, իհարկե, հասկանում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների նման փխրուն վիճակի պատճառն ինքն է ու իր որդեգրած քաղաքական կուրսը։ Բազմիցս ռուսական մամուլում էլ գրվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների անկյունաքարային պատճառներից մեկը Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելն է: Այս մասին ամենատարբեր մակարդակներով քանիցս ակնարկել են նաև ՌԴ իշխանություններն ու նրանց աջակցող քաղաքական վերլուծաբաններն ու փորձագետները։

Ու զարմանալի է, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը դեռևս փափագում է, որ աշնանը Պուտինը կժամանի Երևան։

Սակայն, նկատենք, որ նման անորոշ վիճակը պայմանավորված է ոչ միայն Քոչարյանի գործով, այլև Անդրկովկասյան տարածաշրջանում սպասվող աշխարհաքաղաքական զարգացումներով:

Չմոռանանք, որ ցանկացած պահի մեր տարածաշրջանում կարող են պայթել բավականին լուրջ ռազմական գործողություններ։ Տվյալ պարագայում մեծ նշանակություն ունի նաև այն փաստը, թե ՀՀ-ն աշխարհաքաղաքական համատեքստում ինչպիսի դիրքավորում և վերաբերմունք կցուցաբերի։

Հավելենք նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն ու թիմակիցները հնարավոր բոլոր տարբերակներով ցուցադրում են իրենց վերաբերմունքը ռուսական կողմի նկատմամբ (վրացական պառլամենտում տեղի ունեցած հակառուսական գործողությունների ժամանակ դահլիճը լքելը, ՌԴ վերաբերյալ ԵԽԽՎ հայտնի քվեարկությունը, ակնհայտ հակառուս պաշտոնյաների նշանակումը, և այլն)։ Այս ամենի հետ մեկտեղ՝ տրամաբանական է, որ ՌԴ կարգի գերտերության ղեկավարն իր ցանկացած գործողություն անելուց առաջ պետք է հաշվի առնի ընդհանուր աշխարհաքաղաքական շահն ու գնահատի բոլոր հնարավոր ռիսկերը։

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս