Բաժիններ՝

«Կախվածությունը» կրկին առաջին տեղում է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և դեռևս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ. կամ էլ դրսի պայքարը, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Երրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի…

Չորրորդ հորիզոնականում Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» վեպն է: Արամ Ավետիսն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը: Մեղավո՞ր է արդյոք այդ գիրք-հայելին, որ իր՝ անխաթար ներկայացրած աշխարհը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության և միայն սոսկում է պատճառում: Երազն ու իրականությունն իրար են խառնվել այդտեղ: Մի աշխարհ, ուր մարդը դարձել է կատարելապես ավելորդ և միայն ցնորքներով կարող է ապրել:

Հինգերորդ տեղում է Լիլիթ Նազարյանի «Տառապանքից դեպի կյանք» վիպակը: Շատերս մեր կյանքի ընթացքում կարող ենք բախվել այս ընտրության հետ՝ սպանե՞լ, թե՞ կյանք պարգևել։ Կյանքն ու մահն այս դեպքում մեր իսկ ձեռքում են։ Ընտրությունը մերն է. գուցե կյանք պարգևելով հանճար տանք աշխարհին։ Այս վիպակի մեջ արծարծվում է հետևյալ հարցը՝ վերարժևորելով մարդու՝ որպես բարձրագույն արժեքի ապրելու իրավունքը։

Վեցերորդ հորիզոնականում Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:

Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպը յոթերորդ տեղում է: Գրող, դրամատուրգ, միջազգային «Ինտերրայթ» և «Եվրոփեն» մրցույթների հաղթող, «Որբանոց» բեսթսելերի, «Ձմռան վերջին օրը», «Կուկու», «Սովորական երկիր» և այլ գրքերի հեղինակ Կոստանդյանի այս վեպը բավականին պարզ ծանոթագրություն ունի. «Վեպ անցած-գնացած ուրախությունների մասին»:

Նարեկ Մալյանի «Սրտերի թագուհին» վեպը ութերորդն է: Համաշխարհային մեծության տարբեր քաղաքական գործիչների հետ աշխատած, քաղաքական ճակատագրեր փոփոխած և նորերը կերտած հանրության հետ կապերի մասնագետ Ջոզեֆ Քլեյթընը որոշում է մեկուսանալ հեռավոր մի գյուղում և ապրել գյուղական կյանքով` զբաղվելով ոչխարաբուծությամբ, աճեցնելով վարդեր և վաճառելով դրանք:
Սակայն Ջոզեֆի հանգիստ ու խաղաղ կյանքն ընդհատվում է այն պահին, երբ իր տանը հայտնաբերում է Սառային` մի կնոջ, ում կյանքի հինգ տարին վերահսկվել և այլ ընթացք են ստացել հենց Ջոզեֆի հրամանով: Ո՞վ է այդ կինը, ի՞նչ է ցանկանում ստանալ Ջոզեֆից, ի՞նչ ընթացք և հետևանքներ կունենա իրենց հանդիպումը: Եվ, ի վերջո, ի՞նչ կպարզվի, երբ Ջոզեֆը մտաբերի ու սկսի վերհիշել իր կյանքի թերևս ամենատպավորիչ աշխատանքային մարտահրավերը` «Սրտերի թագուհին» գործողությունը:

Իններորդ հորիզոնականում է Արամ Պաչյանի մեկ այլ՝ «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքը: Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային ռոբինզոնադայի ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր վերջին կղզին:

Տասներորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածուն: Կյանքում միշտ կամ մենք, կամ մեզնից են հեռանում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով… Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ…

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս