Բաժիններ՝

Հիսուսի Պայծառակերպության լեռը

Պայծառակերպությունը Հիսուս Քրիստոսի տնօրինական առաքելության կարևորագույն դրվագներից է, քանի որ խորհրդանշում է Տիրոջ Երկրորդ Գալուստը: Այն արտացոլված է համատեսակաան Ավետարաններում (Մատթեոս ԺԷ 1:13, Մարկոս Թ 1:12, Ղուկաս Թ 28:36) և Պետրոս առաքյալի ընդհանրական Բ թղթում (Բ Պետրոս Ա 16:18): Համաձայն ավետարանիչների և առաքյալի հաղորդած տեղեկությունների՝ Հիսուս գնում է Փիլիպպեան Կեսարիայի կողմերը, ապա վեց կամ ութ օր հետո, աշակերտներից Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին վերցնելով, հանում մի առանձին բարձր լեռ, որի վրա Պայծառակերպվում է: Լեռան անունը, սակայն, չի հիշատակվում: Ուստի վաղ միջնադարյան հայրերից մինչև հայագիտության բազմավաստակ ներկայացուցիչներ (Եղիշե, Սարգիս Կունդ, Հովհաննես Երզնկացի, Գրիգոր Տաթևացի, Պետրոս Բերդումյան, Մաղաքիա արք. Օրմանյան և այլք), ովքեր մեկնել ու քննել են Պայծառակերպության խորհուրդը, անդրադարձել են նաև լեռան հարցին:

Մեկնիչները նշում են մի քանի լեռների անուններ՝ Թաբոր, Հերմոն (Սիոն), Սինա, Դրախտ՝ հարցը քննելով այլաբանական, ավանդույթային հարթությունների և փաստացի տվյալների հիման վրա: Եկեղեցական ավանդությունը՝ որպես Սուրբ Գրքի լրացուցիչ մաս, հնուց անտի Թաբորը համարում է Պայծառակերպության լեռը:

Ավետարանում լեռան անունը չհիշատակելը բացատրվում է նրանով, որ Թաբորն այնքան նշանավոր է եղել իր գեղեցկությամբ, որ ավետարանիչները հարկ չեն համարել անվանապես շեշտելու, այլ սահմանափակվել են անուղղակիորեն վկայելով՝ բարձր և առանձին: Հայտնի է, որ Թաբորը որևէ լեռնաշղթայի մաս չի կազմում:

Առաջին քրիստոնյաները ևս վկայում են, որ Պայծառակերպությունը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Ավանդության ուժը, անշուշտ, հաճախ անվիճարկելի է: Մ. Օրմանյանը նկատում է, որ Պայծառակերպության առնչությամբ քրիստոնեության վաղ դարերում Թաբորից բացի այլ լեռ չի հիշատակվել: Հովհաննես Երզնկացին նույնպես վկայակոչում է ժողովրդական խոսքը և մարգարեությունը. «Բայց հասարակաց բանն զԹաբօր ասէն, և վկայ առեալ զբան մարգարէին, թէ Թաբօր և Հերմօն յանուն քո ցնծասցեն»:

Կարևոր է նաև պատմական փաստը.Կոստանդիանոս Մեծ կայսեր մայր Հեղինե կայսրուհին Թաբոր լեռան վրա կառուցում է երեք տաճար՝ հանուն Պայծառակերպությանը ներկա երեք առաքյալների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի, կամ ըստ այլ մեկնաբանությունների՝ հանուն Հիսուսի, Մովսեսի և Եղիայի: Այսօր պահպանվել են սուրբ Հեղինեի հիմնած տաճարների բեկորները:

Թաբորի օգտին են խոսում նաև լեզվաբանական բացատրությունները, այն բառացիորեն նշանակում է «լուսավորյալ», «ընտրություն», «մաքրություն», ինչը համընկնում է լեռան վրա տեղի ունեցած Պայծառակերպության իրողությանը: Ասորերենով այն «բեկում» է նշանակում: Այս իմաստով դիտարկելով` կարելի է հասկանալ, որ Թաբորի վրա տեղի ունեցած Պայծառակերպությունը բեկում էր մարդու համար, քանի որ մարդը արժանանում է դրախտային փառքի տեսությանը, որից զրկվել էր:

Թաբորը համեմատվում է Երկնքի արքայության՝ Վերին Երուսաղեմի հետ և կոչվում «Դրախտ»: Դրախտ կարող էր անվանվել Թաբոր լեռն իր դրախտային գեղեցկության և հարուստ բուսականության շնորհիվ: Այն իր տեղադրությամբ և գեղեցկությամբ ոչ միայն Պաղեստինի, այլև աշխարհի ամենադիտարժան լեռներից է:

Հերմոն (Սիոն) և Սինա լեռներն աշխարհագրորեն ավելի հեռու են Գալիլիայից, և բացի այդ՝ շատ ավելի բարձր են: Հերմոնը (շուրջ 3000 մ) Գալիլիայից դեպի հյուսիս-արևելք է ընկած: Լեռը նաև բուսականությունից զուրկ է և մշտապես ձյունածածկ, ինչը անհավանական է դարձնում այն, որ Հիսուս կարող էր աշակերտների հետ այդտեղ բարձրանալ: Սինան (շուրջ 2300 մ) բարեբեր է, ունի ջրի բազում ակունքներ, բարեխառն կլիմա, բուսական և կենդանական աշխարհ, սակայն նույնպես Գալիլիայից հեռու է` դեպի հարավ-արևմուտք` Կարմիր ծովի և Աքայաբի ծոցի միջնամասում: Իսկ Թաբոր լեռը (շուրջ 600 մ) մոտ է Դեկապոլիս անապատին, որտեղ տեղի է ունեցել հացի երկրորդ բազմացումը և չորս հազար մարդու՝ հրաշքով կերակրումը (Մատթ. ԺԵ, 3239, Մարկ. Ը, 19): Եվս մեկ հանգամանք. Պետրոսի տված սուրբ որակումը (Բ Պետրոս, Ա 18) երբեք չէր կարող պատշաճել Հերմոնի նման հեթանոսական բագին ունեցող լեռանը:

Սակայն Հերմոնը և Սինան պատմական կարևոր նշանակություն ունեն և Պայծառակերպության հետ խորհրդաբանորեն են կապվում: Ինչպես Սինայի վրա Հին օրենքը տրվեց Մովսեսին (Ելից ԺԴ 1218), այնպես էլ Թաբորի վրա Պայծառակերպությամբ Հին օրենքի ներկայացուցիչների առջև Նոր օրենքը տրվեց առաքյաներին: Ինչպես Սիոնի վրա Տիրոջ երկրավոր նախահայր Դավթի արքայական ամրոցը (Բ Թագ. Ե 7,  Ե 9) և Սողոմոնի կառուցած Տիրոջ երկրային տաճարն էին (Գ Թագ. Ը 58), այնպես էլ Թաբորի վրա Հիսուսի երկնային արքայության օրինակն էր և եկեղեցու նախօրինակը:

Այսպիսով, Թաբորը Հիսուսի Պայծառակերպության լեռ լինելը հաստատող փաստարկներ են` ա) սրբազան ավանդությունը, բ) մարգարեական խոսքը, գ) պարականոն գրականության վկայությունները, դ) Գալիլիային մոտ գտնվելը, ե) անվան ստուգաբանությունը, զ) լեռան բնակլիմայական միջավայրը: Դրախտը նույն Թաբորն է, Հերմոն և Սինա լեռները Պայծառակերպության հետ խորհրդաբանորեն են կապվում:

 

Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս