«Կարող ենք ներկայացնել տարբեր երազանքներ, բայց եթե չկա արդյունք՝ դրանք կմանան երազանքներ». Թևան Պողոսյան

Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ մի շարք խնդիրների։ Իր ելույթում մի քանի անգամ վանկարկեց՝ «մի-ա-ցում, մի-ա-ցում», և ընդգծեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ։

Վարչապետի ընդհանուր ելույթի և Արցախին վերաբերող կետերի շուրջ 168.am-ը զրուցեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի հետ։

– Պարոն Պողոսյան, ինչպե՞ս կգնահատեք վարչապետի ընդհանուր ելույթը։

– Մենք ունեցանք այս տեսակի երևույթ, որտեղ Հայաստանի վարչապետը Ստեփանակերտի հրապարակում խոսեց ամբողջ հայության համար, հատկապես՝ Համահայկական օլիմպիական խաղերին ընդառաջ։ Ելույթում կային շեշտադրումներ, որոնք միտված էին միասնությանը, նշվեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ներկայացվեցին դրա շուրջ ինչ-որ տեսակետներ։ Ճիշտ չէ, այս ամենը վերցնել և միանգամից գնահատել, քանի որ նույն վարչապետն ասաց, որ մենք շատ հարցերում պետք է կարողանանք հասնել կոնսենսուսի, իսկ կոնսենսուսի հասնում են միայն երկխոսությամբ։

Այնպես որ՝ բոլոր այդ ներկայացված երազանքները, տեսլականները, թվերը, ապագայում պետք է միտված լինեն ձևավորելու երկխոսության հնարավորություն։

Մի քանի անգամ ասել եմ, որ պետք է ստեղծենք հայկական քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, որտեղ բոլոր ուժերը կկարողանան գալ, նստել ու քննարկել բոլոր հարցերը, ընտրել կարմիր գծերը, միասնական մոտեցումները, տեսլականները և այլն։

Ցանկացած կետ, որի վրա մենք կունենանք կոնսենսուս, այդ կետի վրա պետք է սկսի ձևավորվել հայեցակարգը, ռազմավարությունը, գործողությունների ծրագիրը: Այսինքն՝ լինենք միասնական, որպեսզի ունենանք արդյունք։ Շատ ժամանակ մենք կարող ենք ներկայացնել տարբեր երազանքներ, սակայն, եթե չկան արդյունքներ, ապա դրանք կմնան երազանքներ։

Այդ պատճառով էլ գլխավոր խնդիրն այն է, որ այս ելույթից հետո կարողանանք ձևավորել այն մեխանիզմները, որտեղ բոլորս միասնական՝ Հայաստան-Արցախ-սփյուռք, կկարողանանք իրականացնել մեր երազանքները։ Հատկապես պետք է հիշել, որ այսօր Արցախում տեղի է ունենալու Համահայկական օլիմպիական խաղերի բացումը, ուստի՝ կա չգրված օրենք, որ այդ խաղերի ժամանակ բոլոր զենքերը վայր են դրվում և սկսում են մրցել։ Պետք է այսօրվա դրությամբ կարողանանք բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել և մեր միասնականության շնորհիվ հասնել հարցերի լուծումներին։

– Ներկայացնելով համազգային համաձայնության համար անհրաժեշտ կոնսենսուսները՝ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ երկու հայկական պետությունների համար կարող է ընդունելի լինել Արցախի հարցի լուծման այն տարբերակը, որը կարժանանա Հայաստանի և Արցախի հանրության հավանությանը։  Արդյո՞ք սա նշանակում է, որ կարգավորման այս կամ այն տարբերակը կարող է Հայաստանում և Արցախում ներկայացվել հանրաքվեի։

– Չեմ կարծում, որ խնդիրը երբևէ գալու է այն հարցին, որ ասելու են՝ եկեք հանրաքվե անենք։ Մինչև ցանկացած հարցի հանրաքվե, մենք պետք է երկխոսենք, թե ինչ է դրվելու հանրաքվեի հիմքում, այսինքն՝ քննարկումների ժամանակ արդեն պարզ է լինելու՝ համաձայնություն կա՞, թե՞ չկա։ Ձեր ասած տարբերակը քաղաքական պայքարի ինչ-որ խնդիր է, որին ի պատասխան՝ պետք է կրկնեմ, որ այսօր Համահայկական օլիմպիական խաղերի բացումն է, և մենք միայն պետք է խոսենք միասնականության մասին։

Ավելի շատ ես այդ մեսիջն եմ տեսնելու, որ մենք միասնական ենք որոշելու հարցը։ Այստեղ ես նաև կավելացնեի, որ, բացի կառավարությունների աշխատանքներից, եթե չլինի համայն հայկական համաձայնություն, որևէ լուծում չի աշխատելու։

Համայն հայկական հանրության մեջ ես պատկերացնում եմ սփյուռքի, Արցախի ու Հայաստանի բնակչությունը։ Իսկ մենք վստա՞հ ենք, որ հայկական որևէ մոտեցում ընդունելի է լինելու աշխարհի համար: Եթե դա չի լինելու, նշանակում է, որ դա կյանքի չի կոչվելու։ Եթե հարցի լուծումն այդքան պարզ լիներ, ապա այս 30 տարիների ընթացքում կլուծեինք։ Արցախի հարցի պատմությունը ոչ թե 30, այլ 101 տարեկան է։ Այսօր պետք է դուրս գանք այս քաղաքական՝ մեկը մյուսին կծելու պայքարից և խոսենք նրանից, որ բոլորս միասնական ենք այս հարցի լուծման համար պատասխանատու։

– Վարչապետն իր ելույթում մի քանի անգամ վանկարկեց «Միացում» արտահայտությունը՝ նշելով, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Այս մոտեցումը տեղավորվո՞ւմ է Արցախի սուբյեկտայնության բարձրացման և Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մտադրության տրամաբանության մեջ։ Այս ամենով վարչապետը չի՞ վտանգում Արցախի սուբյեկտայնությունը։

– Որևէ մեկը չի կասկածում, որ այն օրը, երբ Արցախի անկախությունը դե յուրե ճանաչվի, գուցե ձևականորեն, աշխարհում միջազգային օրենքների համար հանրաքվե անցկացվի, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ Հայաստանը միավորվում է դե յուրե։ Անկախ ամեն ինչից, միշտ լինելու է միայն մեկ ընկալում՝ Արցախն ու Հայաստանը միշտ միասնական են լինելու։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս