Հնդկաստանում տնային կալանքի տակ են վերցրել Քաշմիրի երեք ազդեցիկ քաղաքական գործիչների
Հնդկաստանի իրավապահ մարմինները Ջամուի եւ Քաշմիրի նահանգի առավել ազդեցիկ երեք քաղաքական գործիչների տնային կալանքի տակ են վերցրել նահանգում զինված ուժերի ավելացման եւ Քաշմիրի հարթավայրից հեռանալու՝ զբոսաշրջիկներին ու ուխտավորներին ուղղված կառավարության կոչերի ֆոնին: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջամուի եւ Քաշմիրի հնդկական նահանգի կառավարությունը նախազգուշացում է հրապարակել զբոսաշրջիկների եւ Ամարնաթհ-Յատրա քարանձավ ուխտագնացություն կատարող հավատացյալների համար՝ կոչ անելով հեռանալ Քաշմիրի հարթավայրից ահաբեկչական սպառնալիքների մասին հետախուզությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ:
Բացի այդ, անցած շաբաթ երկրի կենտրոնական մասից լրացուցիչ տարածաշրջան են փոխադրվել շուրջ 35 հազար զինվորականներ: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, օգոստոսի 4-ի ուշ երեկոյան կալանքի տակ են վերցվել «Ջամուի եւ Քաշմիրի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության» ղեկավար եւ նահանգի նախկին գլխավոր նախարար Մեհբոոբա Մուֆթին, նահանգի ընդդիմության ղեկավար Օմար Աբդուլան եւ «Ջամուի եւ Քաշմիրի ժողովրդական խորհրդաժողով» կուսակցության առաջնորդ Սաջադ Լոնեն:
Նաեւ նշվում է, որ առանձին շրջաններում արգելափակվել է մուտքը Համացանց, չեղարկվել են պարապմունքները դպրոցներում եւ համալսարաններում, ժողովների եւ հանրահավաքների անցկացումն արգելված է: Օգոստոսի 5-ին ավելի ուշ Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը խորհրդարանում հայտարարել է օրինագծի մասին, որը չեղարկում է Ջամուի եւ Քաշմիրի հնդկական նահանգի՝ երկրի Սահմանադրության մեջ ամրագրված հատուկ կարգավիճակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: