Ինչու է նախարարությունը Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել Վենետիկի հանձնաժողովին. մանրամասնում է փոխնախարարը

ՀՀ արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ի (Ստամբուլի կոնվենցիա) հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու համար: Այս մասին օգոստոսի 2-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

«Մենք մեր ուսումնասիրության ընթացքում պարզեցինք և փորձեցինք բացատրել, որ որևէ խնդիր, հատկապես ընտանիքի կոնցեպտի, երրորդ սեռի, ավանդույթների հետ կապված որևէ ռիսկ չկա: Բայց, ինչպես կառավարություն, որն ականջալուր է հանրային քննարկումներին, մարդկանց հուզող հարցերին, մենք տեսանք, որ հանրային քննարկման մեջ շատ են բերվում հարցեր, որ այս կոնվենցիան հակասում է մեր ավանդական ընտանիքի կոնցեպտին: Եվ մենք որոշեցինք դիմել Վենետիկի հանձնաժողովին, դիմեցինք խորհրդատվական կարծիքի համար, որպեսզի կարծիք ստանանք սահմանադրական ազդեցության տեսակետի և ընտանիքի նոր կոնցեպտ բերելու վերաբերյալ»,- նշեց Գրիգորյանը:

Նա նշեց, որ հետևողական են լինելու, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում ստանան այդ կարծիքը:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011 թվականին Ստամբուլում, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում: Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական: 2017 թվականի հունիսի դրությամբ՝ այն ստորագրվել է 44 երկրի կողմից: 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց Կոնվենցիան, որին հաջորդեցին 27 այլ երկիր՝ 2013-2017 թվականների ընթացքում (Ալբանիա, Անդորրա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա , Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա)։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին:

Հուլիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս