««Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքի նախագծով վերադառնում ենք բրեժնևյան ժամանակներին». Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը կարող է մասնավոր հեռուստաընկերություններին կանգնեցնել մեծ խնդիրների առջև։ Ավելին, եթե շարունակեն նման տեսքով քննարկել օրենքի նախագիծը, ապա կվերադառնան բրեժնևյան ժամանակներին, երբ եթերում կար միայն մեկ պետական ալիք։
«Օրենքի նախագիծը մշակվել է ինչ-որ հասարակական կազմակերպությունների կողմից՝ առանց հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցության։ Ըստ էության վերջիններս այս օրենքի նախագծի գոյության մասին իմացել են այն բանից հետո, երբ հ/կ-ի ներկայացուցիչներն այդ նախագիծը ներկայացրել են ԱԺ համապատասխան հանձնաժողովին։ Ես չեմ նկատել, որ կա հստակ ձևակերպված հանրային պահանջ, որ հենց հիմա պետք է կարգավորեն հեռուստաընկերությունների գործունեությունը։ Հարց է, թե ինչու այդ հ/կ-ները որոշեցին, որ իրենք պետք է կարգավորեն դաշտը»,- շեշտեց Աղասի Ենոքյանը։
Ըստ նրա՝ այնպես է ստացվում, որ օրենքի նախագիծն ընդունելուց հետո եթերում լինելու է միայն Հանրային հեռուստաընկերությունը։ Այսինքն՝ հեռուստատեսության աշտարակից միայն Հանրային է սփռվելու՝ իր հինգ ալիքներով։ Այս ամենը ենթադրում է, որ այսօր եթերում եղած շուրջ 17 հեռուստաալիքներ այլևս չեն լինելու։
«Մասնավոր մուլտիպլեքսորների հետ կապված հարց կա նաև, ինչը, իմ կարծիքով՝ անլուծելի խնդիր է։ Ըստ էության սա ենթադրում է, որ մեր հեռուստատեսության աշտարակի մոտ ևս երեքը պետք է կառուցվի, որ մասնավոր հեռուստաընկերությունները կարողանան սփռվել, իսկ դրա համար, եթե չեմ սխալվում, 100 մլն դոլար է անհրաժեշտ, ռեալ չէ, որ նման գումար կներդրվի»,- շեշտեց Աղասի Ենոքյանը։
Նա նաև ընդգծեց, որ խոսել է 5-6 հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որոնցից որևէ մեկը տեղյակ չի եղել, որ օրենքի նման նախագիծ է լինելու։
Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունը ձգտում է մոնոպոլիզացնել իշխանության ամբողջ դաշտը, ամբոխավարական մեթոդներով գրավելով օրենսդիր և գործադիր իշխանությունները, այժմ էլ անցում են կատարել դատական իշխանությանը, և այս ամենն ավարտին հսսցնելուց հետո, հաջորդ թիրախը լինելու է մամուլը։
168.am-ի դիտարկմանը, որ վարչապետը հաճախ է հայտարարում, որ այսօր մամուլն ավելի ազատ է, քան երբևէ, Աղասի Ենոքյանը նկատեց՝ կոռեկտ չէ, երբ այդ մասին խոսում է վարչապետը, և նա չէ, որ պետք է դրա գնահատականը տա։
«Այդ ամենի գնահատականը պետք է տան ընթերցողները և լրագրողները։ Վարչապետը և Կառավարությունն ըստ սահմանադրության՝ աշխատավարձ են ստանում նրա համար, որպեսզի ապահովեն խոսքի ազատություն, դա նրանց պարտականությունն է, դրանով մեզ «ադալժենիա» չեն անում»,- նշեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան