«Խնդիրը ֆինանսական աջակցության կրճատման մեջ չէ, այլ, թե իրականում ինչ է տեղի ունենում». Դավիթ Բաբայան

«Մենք այս հարցը շատ լավ պետք է ուսումնասիրենք, որովհետև ըստ խոսակցությունների՝ ասում են, պետք է կրճատեն, սակայն հստակ որևէ բան չկա։ Համապարփակ ձևով պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, արդյո՞ք սա մի նոր գործընթաց է, ո՞վ է այդ ամենի հետևում կանգնած, և ո՞րն է այն հիմնական ուժը, որ այդ գործընթացն առաջ է տանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱՄՆ կառավարության մտադրությանը, որով ցանկանում են Արցախին տրվող ֆինանսական աջակցությունը կրճատել։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ պետք է նաև ճշտել, թե այս ամենն ԱՄՆ կառավարության ներքի՞ն որոշումն է, թե՞ թուրքական ու ադրբեջանական լոբբիստական գործունեության արդյունք։ Առանց այս ամենն ուսումնասիրելու՝ Դավիթ Բաբայանը վստահ է, որ հնարավոր չի լինի մշակել ճիշտ ու արդյունավետ ռազմավարություն։

«Այս ամենը պետք է անենք միացյալ ձևով՝ Հայաստան-Արցախ-սփյուռք ջանքերով, որից հետո քայլեր ձեռնարկենք անելիքների մասով, բայց առաջին հերթին՝ պետք է այդ գործընթացի էությունը իմանանք»,- նշեց Դ. Բաբայանը։

Ըստ նրա՝ այստեղ խնդիրը ֆինանսական աջակցության կրճատման մեջ չէ, այլ, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Քանի որ միայն ֆինանսական աջակցությունը կրճատելով՝ հնարավոր չէ ամբողջապես պատկերացնել իրավիճակը։

«Եթե այդ աջակցությունը դադարեցվի, ինչը հումանիտար օգնություն է, իհարկե, դա մեզ վրա զգալու ենք, բայց սա ունենալու է նաև քաղաքական հետևանքներ, տարածաշրջանում դա կարող է ազդել նաև Միացյալ Նահանգների վարկանիշի վրա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ այստեղ ադրբեջանական հետք ու ազդեցություն տեսնո՞ւմ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ չի բացառվում, սակայն ամեն ինչ պետք է ուսումնասիրվի։
«Այս ամենը պահանջում է խորը և մասնագիտական ուսումնասիրություն, բոլոր կառույցների կողմից՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի»,- եզրափակեց Դ. Բաբայանը։
Նշենք, որ հարցի վերաբերյալ փորձեցինք ճշտել նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ինչպես նաև նույն հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանի տեսակետները, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ հաջորդ տարի Հայաստանին տրվող ԱՄՆ օգնությունը ևս կկրճատվի՝ կազմելով 6.75 մլն դոլար։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս