Բաժիններ՝

Ուժեղացված ծառայություն. ՀՀ ոստիկանության պետը ուղղաթիռից հետևում էր ծառայությանը

Հուլիսի 28-ին՝ Վարդավառի օրը, ինչպես սպասվում էր, հովեկների աննախադեպ մեծ հոսք եղավ դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինը անցնում էր 48 մեքենա: Այդ օրը ըստ նախնական հաշվարկների՝ նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց:

Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված ծառայության, որին ներգրավված էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, տարածքային բաժինների, ճանապարհային ոստիկանության, ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները:

Ոստիկանության և «Armenian Helicopters» կազմակերպության համագործակցության շրջանակում ուժեղացված ծառայությանը ուղղաթիռից հետևում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:

Մինչ ծառայության անցնելը նա հանդիպեց ոստիկաններին, մաղթեց բարի ծառայություն: Տոնական տրամադրությունը չմթագնելու համար ոստիկանության պետը հորդորեց անհանդուրժող լինել և ներողամտություն չցուցաբերել օրինախախտների հանդեպ, նրանց հայտնաբերել ու ենթարկել պատասխանատվության:

Արդյունքում՝ ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 1091 արձանագրություն, ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 84 մեքենա, որոնցից 60-ի վարորդները ոչ սթափ վիճակում էին:

Սևանի ափամերձ հատվածներում լիովին ապահովվեց հասարակական կարգը:
Նշենք նաև, որ մինչև ուշ գիշեր շարունակվում էր մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք: Ճանապարհային ոստիկանության ծառայողներն առանց հանգստի ապահովեցին մեքենաների անվտանգ ու ապահով երթևեկությունը դեպի մայրաքաղաք:

Ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում հպարտությամբ կարող ենք փաստել, որ որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս