Ստամբուլյան կոնվենցիան չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի շուրջ ստեղծված արհեստական աղմուկի վերաբերյալ մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Ռուստամ Բադասյանը նշեց, որ միտում է տեսնում իշխանության նկատմամբ բացասական ազդեցություն ձևավորելու:

Մինչ փաստարկներին անդրադառնալը, նախարարը խորհուրդ տվեց քաղաքացիներին ամբողջությամբ ընթերցել կոնվենցիան, որը ամենալավ միջոցն է կոնվենցիայի մասին պատկերացում կազմելու համար:

«Կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության դեպքերի բացահայտման մեխանիզմների ներդրման, դրա դեմ պայքարի գործիքների, ինչպես նաև իրավապահ մարմինների կանանց նկատմամբ բռնության դեպքերում որոշակի աջակցություն ցուցաբերելու մասին է: Կոնվենցիան չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում: Զավեշտալի է խոսել միասեռական զույգերի կողմից որդեգրման իրավունքի ճանաչման կամ նմանատիպ երևույթների մասին»,- ընդգծեց նա:

Ըստ Բադասյանի` կարգավորմամբ չի ճանաչվում որևէ կերպ երրորդ սեռ, որովհետև կոնվենցիայով հստակ տարանջատված են «սեռ» և «գենդեր» հասկացությունները:

«Այս առումով կցանկանայի անդրադառնալ ակնհայտ շահարկումներին, որովհետև դեռևս 2013 թվականի հունիսից, երբ ուժի մեջ է մտել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, «գենդեր» հասկացությունը այդ պահից հայտնի է եղել և մեկնաբանվել է որպես ձեռքբերովի վարքագիծ, հետևաբար այս կոնվենցիայի վավերացմամբ որևէ նոր տերմին Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում չի ներմուծվում: Բնականաբար, հարց է առաջանում, եթե նոր տերմին ներմուծված չի և արդեն կա օրենքի մակարդակում կարգավորում, որտեղ հստակ նշվում են գենդեր բառի իմաստը և նշանակությունը, ապա ովքեր են այն խմբերը, որ ամեն կերպ փորձում են հանրությանը ներկայացնել հայ հասարակության աչքում հայտնի զգայուն թեմաների հակադրության կոնտեքստում: Կարծում եմ, հարցի պատասխանն ակնհայտ է: Եթե մի բանը հայտնի է Հայաստանի իրավական համակարգում և այս կոնվենցիայով որևէ կերպ չի կարգավորում, սակայն շահարկվում է, թե հենց կոնվենցիայով են մտցվելու նման հասկացություններ և ճանապարհ է բացվելու ամուսնությունների օրինականացման կամ երեխաների որդեգրման համար, կարծում եմ, պատասխանը ակնհայտ է»,- եզրափակեց Բադասյանը:

Տեսանյութեր

Լրահոս