«Բնապահպանական» փարիսեցիություն
168.am-ը երբեք իր համոզմունքները չի թաքցրել: Օրինակ, մենք միշտ համարել ենք, որ ներդրումները երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեն, և ոչ մի հուզական ֆոն չպետք է խանգարի սթափ գնահատելու որևէ ներդրման դրական և բացասական կողմերը: Հայաստանում, սակայն, հուզական ֆոնը միշտ ավելի բարձր է եղել, ու հատկապես բարձր է վերջին մեկ տարվա ընթացքում: Ով բարձր գոռա, նա էլ ճիշտ է: Ու ռացիոնալ գնահատականը, երկրի շահը դառնում են երկրորդական: Օրինակներից մեկն Ամուլսարի շուրջ արդեն մեկ տարի չհանգուցալուծվող անհեթեթ իրավիճակն է, որն արդեն, իշխանության իսկ ներկայացուցիչների խոսքով՝ լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը: Բավական հաճախ ճանապարհները շրջափակածներին սատարող ակտիվիստները, որոնցից ոմանք նոր իշխանության օրոք պաշտոն ստացան, ամենաագրեսիվ կերպով հարձակվել են բոլոր այն մասնագետների, գործիչների ու լրատվամիջոցների վրա, ովքեր համարձակվել են խոսել այն մասին, որ Ամուլսարի ծրագրի բնապահպանական ռիսկերը գնահատել և բացառել են միջազգային լուրջ մասնագետներ:
Մենք նման լրատվամիջոցներից ենք եղել: Մեր տեսակետը հիմնված է եղել ոչ թե էմոցիաների, այլ ռացիոնալ փաստերի վրա: Մեր վերլուծություններում հաճախ ենք անդրադարձել այն հանգամանքին, որ, եթե մի հանքարդյունաբերական ծրագիր վերահսկում են «Եվրոպական բանկի» մասնագետները, կամ այն անցել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձաքննությունը, ուրեմն այն համապատասխանում է որոշակի չափանիշերի, ու դա հասկանալու համար նույնիսկ մասնագետ լինել պետք չէ: Բայց ի լրումն՝ նաև առիթ ենք ունեցել խոսելու մի շարք միջազգային մասնագետների հետ: Հրապարակել ենք նաև նրանց տեսակետները:
Սակայն առավել աղմկոտ ակտիվիստական զանգվածի համար միևնույն է՝ իրենցից բացի, բոլորը ծախված են, և եթե իրենց տեսակետը չեն կիսում՝ ուրեմն ազգի դավաճան են: Նրանց համար ծախված են նաև բոլոր այն միջազգային մասնագետները, ովքեր Ամուլսարի բնապահպանական չափանիշերի մասին երբևէ լավ բան են ասում:
Բայց ահա այս երկու օրը տեղի ունեցավ մի զավեշտալի իրադարձություն, որն ընդգծում է այդ զանգվածի փարիսեցիությունը: «Լիդիան» ընկերությունը միշտ պնդել է, որ, օրինակ, թթվային դրենաժի կառավարումն առաջին անգամ Հայաստանում հենց Ամուլսարում է կիրառվելու: Որպես ապացույց՝ բազմիցս ներկայացվել է Global Resource Engineering ընկերության փորձագետ Լարրի Բրեքենրիջը, որի փաստարկներին, այն մասին, որ Ամուլսարում այդ խնդիրը լուծված է և վտանգ չի ներկայացնում, անդրադարձել ենք նաև մենք: Իհարկե, այն օրերին էլ այս ամերիկյան մասնագետին և Global Resource Engineering կազմակերպությանն անվանեցին «Լիդիանի» կողմից գնված, ծախված, որոնց գնահատականները լուրջ չի կարելի ընդունել:
Եվ ահա երեկ լրատվամիջոցներից մեկը հրապարակում է հենց այդ նույն Global Resource Engineering ընկերության փորձագետի եզրակացությունն այն մասին, որ նրանք Թեղուտում իրականացրել են փորձագիտական ուսումնասիրություն և վստահ են, որ պոչամբարի պատվարն իսկապես փլվելու վտանգի առաջ է: Այս հարցազրույցը՝ արդեն որպես լուրջ մասնագետի եզրակացություն, ինչպես երևում է լուսանկարներից, տարածել են ակտիվիստներն ու բնապահպանական կազմակերպությունները:
Եվ ուրեմն փարիսեցիությունն ակնհայտ է: Եթե ամերիկյան փորձագիտական կազմակերպությունը բացասական կարծիք է տալիս Թեղուտի մասին, ուրեմն դա լուրջ փորձագիտական կազմակերպություն է, ու նրանց հետ կարելի է հարցազրույց հրապարակել ու սոցցանցերով միահամուռ, կազմակերպված տարածել այն: Եթե հենց այդ նույն ամերիկյան փորձագիտական կազմակերպությունը դրական եզրակացություն է տալիս Ամուլսարի մասին, ապա թե՛ այդ կազմակերպությունը, թե դրա փորձագետի հետ հարցազրույց հրապարակող լրատվամիջոցը «ծախված» են:
Սա է հայկանան բնապահպանության ողջ «սկզբունքայնությունը»:
Ի դեպ, հարկ է նշել, որ Global Resource Engineering (GRE) ընկերությունն իսկապես լուրջ, միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություն է: Երկու տարի առաջ նրանց վարձել է «Վալլեքս» խումբը՝ Թեղուտում իրավիճակի մասին գնահատական տալու համար:
Մասնագետներն ասել են, որ պատվարը խնդիր ունի, և «Վալլեքսը», ի պատիվ ընկերության, կանգնեցրել է ծրագիրը՝ դեռևս մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ հետագա բնապահպանական խնդիրներից խուսափելու համար:
Նոր՝ հեղափոխական կառավարությունը, առանց խնդիրը շտկելու, փաստորեն, վերագործարկել է Թեղուտը, որն արդեն «Վալլեքսին» չի պատկանում, թեև «Վալլեքսի» պատվերով փորձաքննություն իրականացրած GRE-ն զգուշացնում է, որ պատվարը կարող է փլուզվել:
GRE-ին նաև տարիներ առաջ վարձել է «Լիդիան» ընկերությունը՝ Ամուլսարում թթվային դրենաժի գնահատման ու կառավարման նախագծման համար: GRE-ի փորձագետներն ասում են, որ Ամուլսարում այդ խնդիրը լավագույնս լուծված է, ու ջրերի վրա ոչ մի ազդեցություն չի լինի:
Այսինքն՝ մի դեպքում՝ GRE-ն պատվիրատուին բացասական եզրակացություն է տվել, մյուս դեպքում՝ դրական: Ու այս պահվածքով ավելի քան հաստատել է իր օբյեկտիվությունը: Բայց «բնապահպանական» ակտիվիստներին, ինչպես երևում է, ոչ թե օբյեկտիվ բնապահպանական խնդիրներն են հետաքրքրում, այլ աղմուկը: Ցանկացած վատ բան ճիշտ է, ցանկացած լավ բան՝ սուտ ու կեղծիք: Ու հատկանշական է, որ տարիներ շարունակ Ջերմուկի ու Սևանի վրա ազդեցության մասին խոսող ակտիվիստներն այսօր սկսել են ասել՝ «հետո՞ ինչ, որ ազդեցություն չկա, միևնույն է, չենք թողնելու»:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական բնապահպանական ակտիվիզմի և այն մասին, թե իրականում ով է «ծախված»: