ՀՀ միգրացիոն ծառայությունը՝ արտագաղթի մասին
2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիայի ներհոսքը ռեկորդ է սահմանել վերջին 10 տարիների ընթացքում` կազմելով 98.000 մարդ։ Այսպիսի դինամիկան անոմալ է։ Այս մասին ասվում է «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգի» մասին ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է Գայդարի անվան ինստիտուտի փորձագետների կողմից։ Այս մասին գրում է Ria-ն։
Ըստ կայքի՝ Ռուսաստան ամենամեծ թվով մարդիկ են արտագաղթում Հայաստանից ու Ուկրաինայից։ Միևնույն ժամանակ՝ միգրացիոն հոսքը նվազել է Բելառուսից ու Մոլդովայից:
2019 թ. հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 12, 8 հազար մարդ: 2018 թ. այդ ցուցանիշը կազմել էր 4.9 հազար մարդ: Հետազոտության մեջ նաև նշվում է, որ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածք է ժամանել Հայաստանի ավելի քան 49 հազար քաղաքացի:
Իսկ որպես ՌԴ հիմնական միգրացիոն դոնորներն են նշվել Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանն ու Հայաստանը:
168.am-ը ՀՀ միգրացիոն ծառայությունից ճշտեց՝ արդյոք այդ հետազոտության տվյալները համաատասխանո՞ւմ են ՀՀ միգրացիոն ծառայության վիճակագրությանը: Ծառայության մամուլի պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ըստ երկրների՝ նման արտահոսքի տվյալների վիճակագրություն չեն վարում, և եթե ինչ-որ մոնիտորինգ են ուզում անել, կամ տվյալներ վերցնել, ապա նայում են ՌԴ ՆԳՆ հրապարակած տվյալները, որոնք վերաբերում են հաշվառված օտարերկրացիներին.
«Այդ տվյալները ցույց են տալիս, որ ՌԴ-ում ՀՀ հաշվառված քաղաքացիների թիվը 2018թ. 2017թ. Համեմատ՝ որոշակի աճ արձանագրել է, իսկ 2019թ.՝ նախորդ երկու տարիների համեմատ, կրճատում կա»:
Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությանը՝ Ն. Դավթյանը հավելեց, որ շրջանառվող լուրը բավականին կարճ է, և պարզ չէ, թե ինչ մեթոդոլոգիայով են դրանք հաշվարկվել. «Ո՛չ հերքում ենք, ո՛չ հաստատում, տալիս ենք վարչական պաշտոնական վիճակագրությունը»:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը մեզ հետ զրույցում թեև նշեց, որ ծանոթ չէ հետազոտությանը, որպեսզի կարծիք հայտնի, այդուհանդերձ նշեց նաև, որ բազմիցս է խոսվել արտագաղթի վտանգների մասին, որոնք բերում են ու բերելու են բացասական բազմաթիվ հետևանքներ:
Հարցին՝ արդյոք կարո՞ղ ենք ներգաղթի ականատես լինել՝ պայմանավորված նաև այն քաղաքական իրադրաձություններով, որոնք տեղի ունեցան Հայաստանում, ժողովրդագիրը պատասխանեց. «Պատասխանելու համար հարկավոր է տեղեկատվություն, որը կլինի տարվա վերջին»:
Զարուհի Դիլանյան