«Ներգաղթյալների թիվը Հայաստանից Ռուսաստան կտրուկ ավելացել է». «Ռոսստատ»
2019թ հունվար-ապրիլ ամիսներին կտրուկ ավելացել է Ռուսաստանի ազգաբնակչության միգրացիոն աճը` գերազանցելով վերջին 10 տարիների ցուցանիշը: Օտարերկրյա աշխատանքային միգրանտների թիվը Ռուսաստանում մի քանի անգամ ավելացել է, իսկ նրանց մեջ աշխատաշուկայում լեգալացվածների թիվը` կրճատվել:
Economy Times-ը, հղում կատարելով «Ռոսստատի» տվյալներին, նշում է, որ 2019թ. առաջին ամիսներին Ռուսաստանի ազգաբնակչության աճը կտրուկ մեծացել է` 2018թ. 57,1 հազար մարդուց դառնալով 98 000 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին: Այս աճն ամբողջովին ապահովվել է երկիր մուտք գործած անձանց թվաքանակով` 218,6 հազար մարդ` նախորդ տարվա այս ժամանակաշրջանի 177,3 հազարի նկատմամբ: Միևնույն ժամանակ՝ երկրից դուրս եկածների թիվը գործնականորեն չի փոփոխվել:
2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի միգրացիոն ազգաբնակչության աճը, այդ թվում՝ ի հաշիվ ԱՊՀ երկրների, 57,4 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի: Ռուսաստանի խոշոր միգրացիոն գործընկերներից ամենաշատն ավելացել է Հայաստանի ու Ուկրաինայի հետ միգրացիոն աճը: Միևնույն ժամանակ՝ կրճատվել է Բելառուսի և Մոլդովայի հետ միգրացիոն աճը: Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են դառնում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանն ու Հայաստանը:
2019թ. հունիսի մեկի դրությամբ ՌԴ են ժամանել 4,4 միլիոն աշխատանքային միգրանտներ` 2018-ի 4,2 միլիոնի փոխարեն: Միգրանտների 97 տոկոսը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են: 2018թ. համեմատությամբ ամենաշատը մեծացել է Միջին Ասիայի բոլոր երեք երկրներից ժամանած աշխատանքային միգրանտների թիվը, նկատելիորեն կրճատվել է Ուկրաինայից և Մոլդովայից եկած աշխատանքային միգրանտների քանակը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: