
Հրայր Թովմասյանից «ազատվելու» նոր ձև են գտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ուսումնասիրություններ են սկսվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից նախկինում պաշտոնավարման շատ գործողությունների մասով:
Խոսքն, օրինակ, նրա` արդարադատության նախարար աշխատած տարիներին է վերաբերում, երբ, ըստ հրապարակումների, չարաշահումներ է թույլ տվել: Երեկ էլ հրապարակումներ եղան այն մասին, որ իրավապահներն արդեն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները, երբ նա 2014-2017 թթ. զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Երեկ թերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչեր են հայտնաբերվել Հրայր Թովմասյանի պաշտոնավարման տարիներին առնչվող:
Նա ոչինչ չմեկնաբանեց: Մինչ այդ նշենք, որ կուլիսներում այլ կերպ են մեկնաբանում Թովմասյանի շուրջ սկսված ուսումնասիրությունները: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ իշխանությունները Բարձրագույն դատական խորհրդի օրինակով ցանկացել են նույն կերպ վարվել նաեւ ՍԴ-ի դեպքում, որպեսզի դատավորները հրաժարական տան, սակայն այդպես չեղավ: Եվ Թովմասյանի շուրջ սկսված ստուգումները եւս նրանից «ազատվելու» սցենարներից մեկն է:
Ի վերջո, ՍԴ դատավորները պաշտպանված են օրենքով, եւ գրեթե չկան նրանց պաշտոնանկ անելու մեխանիզմներ` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, որի հոդված 12-ի 6-րդ կետը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերը: Մասնավորապես, դադարում է այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով: Իհարկե, սա եւս երկարատեւ պրոցես է, սակայն գործընթացն արդեն սկսված է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: