«Ստամբուլյան կոնվենցիան տուն ենք ուղարկելու. Հայաստանն այն չի վավերացնելու». Վահագն Չախալյան

Արդեն մի քանի օր  հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը ղեկավարում է ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը, ստորագրահավաք է նախաձեռնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը չեղարկելու համար:

Ստորագրահավաքն անց է կացվում Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի մոտ, և Հյուսիսային պողոտայում:

Մինչ ստորագրահավաքը «Կամք» հասարակական նախաձեռնությունը բաց նամակ էր հղել ՀՀ Սահմանադրական դատարանին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ՔՊ կուսակցության կենտրոնական խորհրդին, որում շարադրել էր կոնվենցիայի վավերացման հետ կապված իր մտահոգությունները, ինչպես նաև մեջ էր բերել  խնդրահարույց դրույթները:

168.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը նշեց, որ, ցավոք, մինչ այժմ որևէ մեկից արձագանք չի եղել և անգամ մամուլում չի տարածվել:

Կարդացեք նաև

«Ակցիայի նպատակը հանրությանը Ստամբուլյան կոնվենցիայի վտանգների մասին իրազեկելն է, և նաև իշխանություններին տեղեկացնենք հասարակության մեջ եղած դժգոհությունների մասին, նրա դիրքորոշման մասին: Ստորագրահավաքի պահանջները երեքն են` հակասահմանադրական ճանաչել Ստամբուլյան կոնվենցիան, չվավերացնել, ընդհանրապես չընդգրկել ԱԺ օրակարգ, և հետ կանչել նախկին իշխանությունների կողմից տրված ստորագրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը:

Նա տեղեկացրեց, որ ստորագրահավաքն անժամկետ է հայտարարված, կա ստորագրությունների քանակի նվազագույն շեմ, որը վաղուց հաղթահարված է, սակայն անհրաժեշտ քանակ հասկացություն չկա. որքան շատ, այնքան լավ:

«Այսօր ստորագրահավաքի 5-րդ օրն է: Հուսով եմ` մենք դեռ շատ ու շատ օրեր կլինենք այստեղ: Փորձելու ենք այնպես անել, որ ՀՀ տարածքով մեկ քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցել ստորագրահավաքին, որովհետև շատ քաղաքացիներ կան, որ մեզ հիմա գրում են, հրավիրում են իրենց մոտ՝ գյուղեր, քաղաքներ. Իրենք, ելնելով սոցիալ-տնտեսական վիճակից, չեն կարողանում հասնել Երևան և առաջարկում են, որ մենք մոտենանք: Մենք անելու ենք ամեն բան, որ մեր քաղաքացիները հնարավորություն ունենան իրացնել իրենց իրավունքը»,- ասաց ջավախահայ գործիչը:

Մեր հարցին, թե այս ստորագրահավաքը հնարավորություն տալո՞ւ է արդյոք դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականությունը, Վահագն Չախալյանը պատասխանեց, որ միանշանակ նպատակը դա է, և դրա համար շատ կարևոր է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ իմանան այս ակցիայի մասին:

«Ստորագրահավաքն արդեն 5-րդ օրն է ընթանում, բայց մենք, բառիս բուն իմաստով, գտնվում ենք տեղեկատվական բլոկադայի մեջ: Ամեն ինչ արվում է, որ ՀՀ քաղաքացիները չտեղեկանան ստորագրահավաքի մասին: Բայց որքան մեզ վրա ճնշումը շատ է, այնքան մեր կողմից դիմադրությունն ավելի մեծանում է, և մենք օր օրի կարողանում ենք ճեղքել այդ բլոկադան, քաղաքացինեը գալիս են, տեղեկանում են, ստորագրում են»,- նշեց Վահագն Չախալյանը:

Խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի` հատկապես առավել մտահոգիչ դրույթների մասին` հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավարը նշեց, որ դրանք հստակ շարադրված են իրենց բաց նամակի մեջ, որում մասնավորապես գրված է. «(Հոդված 42.) «Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որպեսզի սույն կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության որևէ գործողության առթիվ հարուցված վարույթի ընթացքում՝ մշակույթը, սովորույթը, կրոնը, ավանդույթը կամ, այսպես կոչված՝ պատիվը չդիտվեն որպես նման գործողությունների արդարացում»:

Մեր զրույցի ընթացքում նկատելի էր մարդկանց կուտակում: Մարդիկ բավականին հետաքրքրված էին, մոտենում էին, հարցնում, ստորագրում: Ստորագրահավաքը մի պահ վերածվեց ազգային երգի ու պարի տոնահանդեսի, քանի որ այդ պահին ստորագրահավաքին աջակցելու համար եկած «Վան» ազգագրական երգի-պարի համույթն իսկական համերգ տվեց պողոտայում, որին հաճույքով մասնակցում էին նաև անցորդ քաղաքացիները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ստորագրահավաքին մասնակցել էին ԱԺ պատգամավոր, իշխանական «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Սոֆյա Հովսեփյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանն ու Արտյոմ Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս