«Նախշուն Տավարացյանի հրաժարականը պլանավորված և գծագրված էր այնպես, ինչպես իր երդումը». Արփինե Հովհաննիսյան
Դեռևս հուլիսի 11-ին, երբ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դեռ 9 ամիս առաջ հրաժարվել էր լինել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել էր. «Ո՞ւմ համար տիկինը դա արեց և ինչո՞ւ, ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում, կտեսնեք»։
Այդ ժամանակ նա չմանրամասնեց, թե ինչ նկատի ուներ։ Հետագա զարգացումները, սակայն, կրկին ստիպեցին հիշել նրա՝ օրեր առաջ ասածը։
Նախշուն Տավարացյանը երդվեց ԲԴԽ նիստում, ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը, իսկ դրանից օրեր անց ԲԴԽ երեք անդամներ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Հայկ Հովհաննիսյանը, նիստ էին նախաձեռնել վերջինիս լիազորությունների դադարեցման պահանջով։
Երկարատև և բուռն ու լարված քննարկումներից հետո նիստը հետաձգվել էր, և այսօր վերսկսված Բարձրագույն դատական նիստի ընթացքում որոշվեց մերժել ԲԴԽ երեք անդամի դիմումը՝ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով, ինչը նշանակում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել։
Իսկ դրանից քիչ անց էլ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, և այստեղ է, որ պետք է հիշել Արփինե Հովհաննիսյանի հայտարարության մասին։
168.am-ն արդարադատության նախկին նախարարին խնդրեց մեկնաբանել իր հայտարարությունն ու այսօրվա զարգացումները։
«Ընդամենը մի նախադասություն կարող եմ ասել։ Նախշուն Տավարացյանի հրաժարականը պլանավորված և գծագրված էր այնպես, ինչպես իր երդումը։ Հաջորդ կին թեկնածուն, ենթադրում եմ, լինելու է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մնացած մանրամասների մասին կխոսի այլ առիթով։