Բաժիններ՝

Եթե տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է նվազել արտահանումը

Կառավարությունն առիթը բաց չի թողնում գովազդելու առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրված 7,1 տոկոս տնտեսական աճը։ Դժվար է ասել, դա իսկապե՞ս այդքան ոգևորել է իշխանության ներկայացուցիչներին, թե՞ պարզապես փորձ է արվում տպավորություն ստեղծել։

7,1 տոկոսը գուցե վատ ցուցանիշ չէ, բայց դա խանդավառվելու առիթ չի տալիս։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ այդ ցուցանիշով Հայաստանն առաջատարն է Եվրամիության երկրներում։ Տնտեսության իրական զարգացումն աճերով չէ, որ բնութագրվում է։ Նախ՝ պետք է հասկանալ, թե դա ինչի արդյունք է։ Այստեղ է, որ կառավարությունը հպարտանալու տեղ չունի։

Տնտեսական աճի ամենամեծ բաղադրիչը ծառայություններն ու առևտուրն են, որոնց բաժինն աճի կառուցվածքում հասնում է 6 տոկոսի։ Այսինքն` 7,1 տոկոսից` 6 տոկոսի։

Իսկ թե ինչի՞ հաշվին են ավելացել ծառայություններն ու առևտուրը, արդեն բազմիցս է ասվել։ Թեև չէր խանգարի ևս մեկ անգամ հիշեցնել։ Ծառայությունների աճին նպաստող հիմնական ուղղություններն են շահումով խաղերն ու զվարճանքները։ Այն դարձել է ոլորտի առաջատար ճյուղը` հետևում թողնելով նույնիսկ ֆինանսական հատվածը։

Առևտրի ոլորտում վճռորոշ դեր է սկսել խաղալ մեկ այլ գործոն. ավելացել է տրանսպորտային միջոցների վաճառքի ծավալը։ Տրված մաքսային արտոնության շնորհիվ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ-ում տրանսպորտային միջոցներ մատակարարող երկիր։ Վերջին շրջանում արտերկրից մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են ներմուծվում Հայաստան։ Միայն այս տարվա առաջին կեսին ներկրվել է 54 հազար տրանսպորտային միջոց, որը 25 հազարով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Հասկանալի է, որ ներքին շուկայում նման պահանջարկ չկա։ Դրանց մի մասը վաճառվում և գնում է ԵԱՏՄ այլ երկրներ։ Բայց դա ուղղակիորեն ազդում է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին առևտրի ցուցանիշների վրա։

Լավ է, իհարկե, որ այդպես է, և դրա արդյունքում որոշակի ֆինանսական հոսքեր են գալիս Հայաստան։ Բայց դա ժամանակավոր առավելություն է, որը շուտով ավարտվելու է։ Հաջորդ տարվանից, երբ ավարտվի երրորդ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու արտոնյալ ժամկետը, շրջանառությունների կտրուկ անկումից խուսափել հնարավոր չի լինելու։

Առևտրի ոլորտի աճին ինչ-որ տեղ նպաստել է նաև թաքնված շրջանառությունների բացահայտումը, որն իսկապես տեղի է ունեցել։ Սակայն դա դեռ իրական աճ չէ։ Իրական աճն այն կլիներ, եթե իսկապես ավելանար սպառումը։ Բայց սպառման աճը չի ավելացել կամ այնքան չի ավելացել, որքան ներկայացվող թվերն են։ Այս ընթացքում դրա համար բավարար հիմքեր չեն ստեղծվել։

Որպեսզի սպառման իրական աճ լինի, հարկավոր է բարձրացնել հասարակության գնողունակությունը։ Ինչի՞ հաշվին դա պիտի տեղի ունենար, երբ մի կողմից՝ լայն սպառման ապրանքներն անհամեմատ ավելի արագ են թանկանում, քան ավելանում են մարդկանց եկամուտները։

Ահա թե ինչի՛ վրա է նստած Հայաստանի տնտեսական աճը։ Սրանք ոլորտներ են, որտեղ հավելյալ արժեք չի ստեղծվում, կամ դրանց մասնակցությունը տնտեսության իրական զարգացումների գործում մեծ չէ։

Պատահական չէ, որ տնտեսական աճը, որքան էլ՝ բարձր, չի բերում երկրում սոցիալական վիճակի լավացման և հասարակության եկամուտների ավելացման։ Սրան է պետք ուշադրություն դարձնել, և ոչ թե՝ տնտեսական աճին։ Այստեղ է, որ առաջընթաց չկա։ Մի բան էլ մեծանում է ծառայությունների և առևտրի մասնակցությունն աճի կառուցվածքում։

Մեկ անգամ չի եղել, որ նախկին ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին, որ հասարակությունը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական եկամուտների վրա։ Իրականում դրա մեջ ճշմարտություն կա։ Բայց նույնը տեղի է ունենում նաև հիմա` վիճակագրական ցուցանիշներով տնտեսությունն աճում է, իսկ մարդիկ արդյունքը չեն տեսնում։ Այդպես է, որովհետև տնտեսության աճի կառուցվածքը որակ չունի։ Բացի իշխանությունից, դա որևէ մեկին պետք չէ։

Տնտեսության մյուս ճյուղերում, որոնք կարող են իսկապես փոխել աճի ազդեցությունը հասարակության վրա, զարգացումները շատ թույլ են կամ գրեթե չկան։ Խոսքը գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության ոլորտների մասին է։

Գյուղատնտեսությունը, ինչպես հայտնի է, շարունակում է անկումային լինել նաև իշխանափոխությունից հետո։ Կառավարության քայլերն այս ոլորտում դեռևս այնպիսին չեն, որ կարող են իրավիճակ փոխել։ Մանր-մունր ծրագրերով, որոնք միշտ էլ եղել են, գյուղատնտեսություն չի զարգանա։

Բավական բարձր աճերից հետո շինարարությունը վերստին պասիվացել է։ Վերջին երեք ամիսներին միջին աճն այստեղ կազմել է ընդամենը 1,4 տոկոս։ Հիմնական պատճառներից մեկն էլ կառավարության դանդաղկոտությունն է, որը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել նախատեսված ծրագրերը։ Պատահական չէ, որ նվազել են հիմնականում պետական և վարկային միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքները։

Արդյունաբերության մեջ ևս ակտիվությունը բարձր չէ։ Ճիշտ է, վերջին մեկ-երկու ամիսներին այստեղ արտաքուստ ավելացել է աճի տեմպը, բայց դա պայմանավորվել է հիմնականում նախորդ տարվա ցածր բազայով։

Այսքանից հետո պատահական չէ, որ առաջին եռամսյակի 7,1 տոկոս տնտեսական աճի գործում արդյունաբերության և էներգետիկայի մասնակցությունն ընդամենը 0,1 տոկոս է, շինարարությանը` 0,3 տոկոս։ Իսկ գյուղատնտեսությունը որևէ կերպ չի նպաստել աճին` ազդեցությունը զրո է։

Ի վերջո, եթե տարեսկզբին տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է եղել, այդքան բարձր աճ է ապահովվել, ապա ինչո՞ւ է նվազել արտահանումը։ Չէ՞ որ առաջին հերթին՝ արտահանումն է բնութագրում տնտեսության իրական զարգացումը։

Էլ չենք ասում, որ աճի տեմպն այս տարի զգալի պակասել է։ Անցած տարվա առաջին երեք ամիսներին աճը հասնում էր ընդհուպ մինչև 9,9 տոկոսի։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության մեջ, շատ հեռու է հեռանկարային լինելուց։ Հետագա զարգացումների համար բավարար հիմքեր առայժմ չկան։

Տնտեսության իրական հատվածը խեղդվում է կապիտալի պակասից։ Արդյունաբերության մեջ նույնիսկ վարկային ներարկումներն են նվազել։ Օտարերկրյա ներդրումների մասին, բնականաբար, խոսք չկա։ Մոտենում է իշխանափոխության մեկ ու կես տարին, բայց այդ ընթացքում չի հաջողվել արտաքին կապիտալով որևէ նոր, թեկուզ միջին մեծության ներդրումային ծրագիր իրականացնել։ Միայն թե պետք չէ ասել, որ սկսվել է Երևանի նոր ջերմային կայանի կառուցումը` 250 մլն դոլար ներդրումային արժեքով։

Հիշեցնենք, թե երբ է տեղի ունեցել դրա հիմնարկեքը. 2017թ. մարտին` նախորդ իշխանությունների օրոք։

 

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս