Շինարարության բումը մնաց անցյալում. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ցուցանիշները

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Թեև արտաքուստ տնտեսական գործընթացները Հայաստանում աչքի չեն ընկնում ակտիվությամբ, այնուհանդերձ Վիճակագրական կոմիտեն շարունակում է բարձր աճեր գրանցել` երբեմն-երբեմն կտրուկ վերանայելով նաև նախկինում հրապարակված ցուցանիշները։ Այս պայմաններում բնավ զարմանալի չէ, որ տնտեսությունն աճում է, իսկ հասարակության հիմնական մասն առաջվա նման անմասն է մնում դրանից։

Թե ո՞րն է պատճառը, հավանաբար դժվար չէ կռահել։ Տնտեսական աճին նպաստող հիմնական ոլորտը շարունակում է մնալ ծառայությունները, որտեղ էական դերակատարում ունեն շահումով խաղերն ու զվարճանքները։ Դրա ազդեցությունը տնտեսական արդյունքի, ինչպես նաև հասարակության եկամուտների ձևավորման վրա չափազանց փոքր է։ Պատահական չէ, որ տնտեսությունը վիճակագրական ցուցանիշներով առաջ է գնում, իսկ իրական կյանքում տեղաշարժ գրեթե չի զգացվում։

Վիճակագրական աճերի հետևանք է նաև այն, որ գնալով սեղմվում են առևտրի ցուցանիշները։ Իշխանափոխությունից հետո բարձր աճը պայմանավորված էր հիմնականում առևտրի չհայտարարագրված ծավալների բացահայտմամբ, և ոչ թե՝ սպառման ավելացմամբ։ Այսօր, երբ բացահայտումները գնալով նվազում են, նստում է նաև աճի ցուցանիշը։

Մայիսին ներքին առևտրի շրջանառությունն ավելացել է ընդամենը 4,9 տոկոսով։ Այն դեպքում, երբ հունվարին անցնում էր 19 տոկոսից։ Առաջիկայում այս միտումն ըստ ամենայնի կշարունակվի, և չի բացառվում, որ մի քանի ամսից առևտրի ցուցանիշներն այլևս աճ չգրանցեն։

Դատելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալներից՝ մայիսը բարեհաջող է եղել հատկապես արդյունաբերության համար։ Նախորդ տարվա համեմատ՝ արտադրության ծավալներն ավելացել են 10,2 տոկոսով։ Սա իշխանափոխությունից հետո ոլորտում գրանցված ամենաբարձր արդյունքն է։ Հունվարին արդյունաբերությունը նույնիսկ գտնվում էր անկումային իրավիճակում։ Ու դժվար է ասել, թե ինչի հաշվին տեղի ունեցավ այս կտրուկ վերելքը. արդյունաբերության մեջ ուղղակի ներդրումներ կարծես չկան կամ շատ քիչ են, բանկային համակարգը ևս ակտիվ չէ տնտեսության իրական հատվածի նկատմամբ։ Բայց պարզվում է՝ առանց լրացուցիչ փողի էլ արդյունաբերությունը կարող է ոչ պակաս ակտիվ զարգանալ։

Արդեն հինգ ամիսների տվյալներով՝ տնտեսության այս ճյուղում աճը հասել է 5,6 տոկոսի։ Իհարկե, այն դեռ բավական հետ է մնում՝ ինչպես առևտրից, այնպես էլ՝ ծառայություններից, բայց այս տեմպով շարժվելու դեպքում շուտով նաև արդյունաբերությունը կարող է նոր բարձունքներ նվաճել։

Առայժմ չեն իրականանում շինարարության ոլորտի հետ կապված սպասելիքները։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանին «սպառնացող» շինարարական բումի մասին։ Բայց դա ոչ մի կերպ չի երևում վիճակագրական ցուցանիշներում։ Վարչապետի հայտարարությունից շատ չանցած շինարարության աճը կտրուկ կրճատվեց. մարտին այն կազմեց ընդամենը՝ 0,5, ապրիլին` 1,8 տոկոս։ Հրապարակված օպերատիվ տվյալներով՝ մայիսը ևս հաջող չի եղել շինարարության համար` նախորդ տարվա համեմատ գրանցվել է ընդամենը 2 տոկոս աճ։

Վերջին երեք ամիսների այս դրսևորումներից հետո շինարարության աճի տեմպն էապես փոքրացել է։ Հունվար-փետրվարին այն անցնում էր 20 տոկոսից, այնինչ 5 ամիսների տվյալներով՝ կազմել է հազիվ 6,1 տոկոս։ Անշուշտ, ցածր չէ, բայց նաև շատ հեռու է բեկումնային լինելուց։

Մտահոգիչ է հատկապես վերջին երեք ամիսների իրավիճակը։ Դրանում մեղավոր է, առաջին հերթին՝ կառավարությունը, որը չի կարողանում ժամանակին իրականացնել նախատեսված, այդ թվում` վարկային ծրագրերը։ Ինչ-ինչ պատճառով դրանք ամիսներով ձգձգվում են։ Ու լավ կլիներ, որպեսզի շինարարության բումի մասին խոսելուց առաջ Նիկոլ Փաշինյանը նախ մտածեր ոլորտում ի հայտ եկած խնդիրները լուծելու մասին։

Իսկ այն, ինչ կառավարությունը փորձում է անել շինարարության ոլորտում հիպոթեքային վարկավորման ծավալների ընդլայնման ճանապարհով, այնքան էլ ողջունելի չէ։ Դա հետագայում կարող է լուրջ փաստի առաջ կանգնեցնել՝ ինչպես բանկային համակարգը, այնպես էլ՝ շահառուներին։

Ի տարբերություն շինարարության, կառավարությունը կամ գուցե Վիճակագրական կոմիտեն կարծես գտել են արտահանումն անկումից հանելու բանալին։ Օպերատիվ տվյալներով՝ մայիսին Հայաստանից առաքված ապրանքն ավելացել է 11,7 տոկոսով։ Դա տեղի է ունեցել արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատման պայմաններում։

Այլ կերպ ասած, արտահանման աճն ուղեկցվել է ներմուծման ոչ պակաս ակտիվ կրճատումով։ Նախորդ տարվա մայիսի համեմատ՝ ներկրումները նվազել են։

Թե ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այս կտրուկ փոփոխությունը, մնում է միայն ենթադրել։ Այդ հարցի պատասխանը գուցե կարելի է գտնել վարչապետի վերջին դիտարկումներից մեկում:

«Մեր արտահանման մի մասը պատշաճ չի ձևակերպվում և արտահայտվում մեր վիճակագրության մեջ»,- օրերս Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս տարվա առաջին չորս ամիսներին ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան աճել է 24 տոկոսով կամ 255 մլն դոլարով, իսկ արտահանումը, ըստ պաշտոնական վիճակագրության, չի ավելացել։ Այն դեպքում, երբ ներմուծվող տրանսպորտային միջոցների զգալի մասն արտահանվում է` ամենահարմար մեխանիզմների միջոցով. մարդիկ ուղղակի վերցնում ու գնում են, ինչն արտահանման կոնկրետ տող է, որը չի արտահայտվում։

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի այս դիտարկումից հետո գտնվել է վիճակագրորեն արտահանումը «պատշաճ» ձևակերպելու բանալին։

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին` կապված մաքսային արտոնյալ ռեժիմների հետ, Հայաստանը դարձել է ավտոմեքենաներ մատակարարող երկիր։ Դրանք ներկրվում են, այնուհանդերձ, տարբեր ձևերով տեղափոխվում ԵԱՏՄ այլ երկրներ։ Սա ժամանակավոր երևույթ է, որը շուտով կդադարի` կապված Հայաստանին տրված մաքսային արտոնյալ ժամկետի ավարտի հետ։

Տրանսպորտային միջոցների վերաարտահանման ձևակերպումների հետ կապված գուցեև խնդիր կա։ Դրա լուծումը, անշուշտ, կհանգեցնի արտահանման ցուցանիշների արտաքուստ լավացման։ Բայց միևնույն է, դրանից Հայաստանի տնտեսության և արտաքին առևտրաշրջանառության իրական պատկերը չի փոխվում։ Իշխանափոխությունից հետո արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը գնալով խորանում է՝ պայմանավորված, նախ և առաջ՝ արտահանման ծավալների նվազումով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս