Մենք եկել ենք ջրի համար, այդ կոռուպցիան պահեք ձեզ. Քաղցրաշենցիները՝ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալին
Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց նստացույց էին սկսել. բողոքում են իրենց համայնքում ոռոգման ջրի խնդրից։
Նրանց մոտեցավ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Ղուլյանը՝ ասելով, որ վճարումներ չեն կատարում, սակայն ցուցարարները պնդեցին, որ իրենք բոլոր վճարումներն արել են:
Նրանցից մեկն ասաց, որ ամեն տարի վճարումները կատարել է: Մյուսն էլ, թե՝ ձեր Ջրային կոմիտեն մեկ անգամ եկել-ստուգե՞լ է, թե ինչպես են ջուրը տալիս: Գոյության կռիվ է:
«Մի պոմպը հիմնանորոգման մեջ է, և 2020 թվականին երկրորդ պոմպի համար խողովակ կսարքեն 800 մետր, որպեսզի երկու պոմպերը զուգահեռ աշխատեն»,- հայտնեց Հարություն Ղուլյանը՝ միաժամանակ բնակիչներին հարցնելով՝ պայմանագրեր ունե՞ն, թե՞ ոչ:
«100 տոկոս»,- պատասխանեցին բնակիչներից մի քանիսը:
Հարություն Ղուլյանը միջամտեց՝ ասելով. «520 հեկտարից 140 հեկտարի մասով միայն պայմանագիր կա»:
Ցուցարարները Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի հորդորին, որ, եթե չարաշահումներ են եղել, պետք է հաղորդում տան, հակադարձեցին՝ իրենք «գործ տվող» չեն, և եկել են իրենց խնդիրը լուծելու համար, ոչ թե կոռուպցիա բացահայտելու:
«Մենք եկել ենք ջրի համար, այդ կոռուպցիան պահեք ձեզ»,- նշեց բնակիչներից մեկը: -Մենք եկել ենք ջրի համար, մեր ծառերը չորանում են»:
«Պայմանագիրը նորմալ կապել եք, ու ջուր չեն տալի՞ս»,- հարցրեց Հարություն Ղուլյանը:
«Հիմա, եթե ես պայմանագիր չեմ կապել, ինձ ջուր չպե՞տք է տան»,- զարմացած հարցրեց քաղցրաշենցին:
«Չէ»,- հակադարձեց Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը:
«Բա ինձանից ինչո՞ւ են գումար վերցնում»,- շարունակեց բնակիչը:
«Եթե նման խնդիր կա, եկեք հենց հիմա գնանք ոստիկանություն»,- առաջարկեց Հարություն Ղուլյանը:
«Ես պայմանագիր չունեմ, բայց ամեն առավոտ փողը տալիս եմ ջրպետին: Ինքն իրավունք ունի՞ առանց պայմանագրի ջուր տա»,- շարունակեց բնակիչը:
Ղուլյանը հավելեց, որ ուրախ կլինեն, եթե իրենց օգնեն բացահայտել այդ անօրինականությունները: Ցուցարարներն էլ նշեցին, որ իրենց չեն առաջարկել ստորագրել պայմանագիր, այլապես բոլորն էլ պատրաստ են դա ստորագրել:
Հարություն Ղուլյանը հայտնեց նաև, որ պոմպը 170 լիտր ջուր է հանում, ինչն առաջացրեց քաղցրաշենցիների դժգոհությունը: Գյուղացիներն ասացին՝ եթե այդ ծավալի ջուր տրվեր իրենց, չէին գա բողոքի ակցիա անելու, այլ իրենց այգիները կջրեին, որ չչորանան:
«Փողը տալիս եմ, ջուրս տուր»,- հավելեց քաղցրաշենցին:
«Մյուսն էլ, թե՝ պոմպը 170 լիտր ջուր կհանի՞, 1971 թվի ա, ամոթ ա, ամոթ»:
Ներկաներից մի մասն առաջարկեց գնալ Քաղցրաշեն համայնք և տեղում ճշտել հարցը՝ որքան ջուր է բաց թողնվում պոմպից:
Անի Կարապետյան