Բաժիններ՝

«Նիկոլ, քայլ արա, ջուր տուր». Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց նստացույց են սկսել

Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց նստացույց են սկսել։ Նրանք բողոքում են իրենց համայնքում ոռոգման ջրի խնդրից։

«Ամբողջ գյուղը չոքել ա, էլ ճար չունի, բանկերին միլիոններ ենք պարտք: Վարչապետը թող ձգի իր կադրերին: Համայնքի բնակիչները ոռոգման ջրի սակավության պատճառով թշնամացել են. Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրեն։ Չեն եկել կառավարությանն ասեն՝ փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք՝ առ փողը, ջուր տվեք, ապրենք։ Ես մարզպետին խնդրել եմ 800 մ ջրագիծ գծի, մեր գյուղապետարանը ասում է՝ մենք 20-30 տոկոսը կտանք, մնացածը ջրօգտագործողները (ՋՕ) թող տան, ՋՕ-ն էլ չի անում»,- ասաց գյուղացիներից մեկը:

Նրանց փոխանցմամբ՝  մինչև հունիսի տասը նորմալ է եղել, ոռոգման ջրի խնդիր չի եղել, քանի որ  մարդիկ այն ժամանակ այգիները չէին ոռոգում:

«Այդ ընթացքում դեղձի այգիները չեն ոռոգվում, ծիրանի այգիներն էին միայն ոռոգվում մայիսին, և ջուրը դրա համար բավարարում էր, բայց ծիրանի բերքահավաքից հետո խայտառակություն է, մարդիկ իրար ծեծում են ջրի համար: Բերք, այսպես թե այնպես, ստանալու ենք, բայց այն ապրանքային տեսք չի ունենալու, շուկայի համար պիտանի չէ, մթերելու ենք 50 դրամով: Դեղձը պետք է ջրվի»,- հավելեցին նրանք:

Ապա բնակիչները սկսեցին վանկարկել. «Նիկոլ, քայլ արա, ջուր տուր, խիղճ ունեցեք, տեսեք՝ գյուղացիներն ինչի են եկել, գյուղացին է քաղաքացուն պահում»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս