Բաժիններ՝

Հայաստանում թմրամոլների թիվն այս տարի աճել է 6 տոկոսով

«Հայաստանում 2019թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 6951 թմրամոլ: Եթե համեմատենք մյուս տարիների հետ, ապա 2018թ.  համեմատ  թմրամոլների 6%-ի աճ ունենք: 2018թվականին 2017թ. համեմատ՝ ունեինք 9%-ով  աճ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:

Նրա փոխանցմամբ՝ 6951 հաշվառված  թմրամոլներից 116-ը կանայք են, իսկ 3-ը՝ անչափահաս: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա ամենաշատը  30-40 տարեկան մարդիկ են հաշվառված:

«Հաշվառված ասելով՝ նկատի ունենք այն, որ  մարդիկ տարբեր պատճառներով հայտնվել են առողջապահության տեսադաշտում: Կա նաև ուրիշ վիճակագրություն. դրանք հետազոտություններն են: Թմրամոլների թիվը Հայաստանում որոշելու համար վերջին անգամ անցկացրել են  2011 թվականին: Պարզվել է՝ թմրամիջոց չարաշահում է մոտ 30.000 հոգի»,- հավելեց  Պետրոս Սեմերջյանը:

Նրա փոխանցմամբ՝ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում մարդը 100 տոկոսով բուժվում է, ազատվում կախվածությունից:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենը նշեց՝ տարածաշրջանում Հայաստանի տվյալները համեմատաբար ավելի մեղմ են, օրինակ, հարևան Վրաստանում, ըստ ներկայացված տվյալների, 400000  հաշվառված թմրամոլ  կա, իսկ Իրանում՝ մոտ 3 մլն:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս