«Ո՞ւմ համար տիկինը դա արեց և ինչո՞ւ, ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում, կտեսնեք». Արփինե Հովհաննիսյանի պատասխանը՝ Նախշուն Տավարացյանին

Արդեն հայտնել ենք, որ երեկ 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն այդ ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։

Արդարադատության նախկին նախարար Արփինեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով տեղեկությունը՝ ասել էր, որ, եթե իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո Նախշուն Տավարացյանը երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

«Իսկ քաղաքական իշխանության պրեսինգն իշխանության ճյուղերի վրա, փաստորեն, շարունակվում է, և ակնհայտ է, որ դատական իշխանության շատ ներկայացուցիչներ այդ պրեսինգը սիրով ընդունել են և դարձել հլու-հնազանդ ծառա։ Նախշուն Տավարացյանն այդ կերպ կդառնա գործիք, իսկ դատական իշխանությունը կամլանա»,- եզրափակել էր Արփինե Հովհաննիսյանը:

Ավելի ուշ Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Սերգեյ Մեղրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նույնիսկ չեմ փորձի հիմնավորել, որ ամիսներ առաջ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից գենդերային առաջնահերթությամբ ընտրված, ապա նույն Ժողովի առջև երդվելուց ու պաշտոնը ստանձնելուց հրաժարված, այդ մասին ԲԴԽ-ին գրավոր հայտնած դատավորը չի կարող այսօր հանկարծ մտափոխվել, երդվել ու դառնալ ԲԴԽ «վստահելի» անդամ։
Հարգելիներս, ժողովրդավարությունը լավ բան է, բայց այն պետք է նաև ԻՐԱՎԱԿԱՆ լինի։

Հետո չվրդովվեք, եթե Ձեր կարագավիճակին վերաբերող նորմերն ու Ձեր կայացրած ակտերն այսուհետ մեկնաբանվեն այնպես, ինչպես պետք է այդ պահին։

Հ.Գ. Շատերս հրաժարական տվեցինք, որպեսզի հնարավորություն ստեղծվի առավելագույնս թափանցիկ ընթացակարգով ձևավորելու իրապես հանրության վստահությունը վայելող կազմ, որին կվստահվի դատական իշխանության առջև ծառացած օրհասական խնդիրների անցնցում լուծումը, բայց, կարծես, համը հանում եք…»։

Այսօր դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Նախշուն Տավարացյանը armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ երդվելու է։ Նշել էր նաև, որ դա իր իրավունքն է, և օրենքն այդ հնարավորությունը տալիս է։

Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում, Նախշուն Տավարացյանն ասել էր. «Դա իմ իրավունքն է և օրենքի պահանջը, որից ես օգտվում եմ, իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան, դա իրենց խնդիրն է, որ իրենք կարող են ժամանակի մեջ, իրենց կարծիքների մեջ և փոփոխվել, և այլ կարծիք հայտնել, դա իրենց խնդիրն է։ Իրենք օրենքի սխալ մեկնաբանություն են անում, ես ժամանակին դիմել եմ ԲԴԽ, ԲԴԽ-ն ինձ պաշտոնական պատասխան է ուղարկել, որ ես կարող եմ պաշտոնը ստանձնել միայն երդումից հետո»։

Հարցին՝ Ձեր գործընկերներն առարկություններ ունե՞ն այս մասով՝ Տավարացյանը պատասխանեց. «Ըստ էության, ես չեմ տեսնում, բացի իմ գործընկերներից մեկից՝ Սիմիդյան Հովսեփից, ոչ մի ձևով չեմ կարող ասել, որ նրա հիմնավորումները հստակ էին կամ հիմնավորված, պարզապես մարդը չի ցանկանում, որ Նախշուն Տավարացյանը երդվի։ Ինքը հղում է անում որոշ իրավաբանների մեկնաբանությունների, բայց ես նորից եմ ասում՝ այդ իրավաբանների մեկնաբանություններին ես չեմ ուզում գնահատական տալ՝ որպես օրենքի ճիշտ մեկնաբանություն։ Այդ իրավաբանների մեկնաբանություններն էլ ինչ-ինչ նպատակների համար են»։

Այս հայտարարությունը, թերևս, պատասխանն էր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 168.am-ի հետ զրույցում արտահայտած տեսակետի։ Հիշեցնենք, որ նա բավականին կոշտ էր արտահայտվել։

Արփինե Հովհաննիսյանի պատասխանը, սակայն, չուշացավ։ Նրա ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

Մեկդ տիկին Նախշուն … Տավարածյանին ասեք, որ, եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական նպատակներով, ապա չի նշանակում, որ բոլորն իր պես են։ Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը, ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛, անձնական նպատակ եմ ունեցել։

Հարգանքս մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող և այսօր դա տիկին Նախշունին ու իր տերերին ցույց տված դատավորներին։

Երկրում ձևավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետևողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»։ Այս տիկնոջը գործիքի դեր հատկացրած սցենարի հեղինակները՝ դատական իշխանությունում և դրանից դուրս նրան վերապահել էին իրավաբանության «դահճի» դեր՝ բեմի ետնամասում։ Ում համար տիկինը դա արեց և ինչու՝ ո՞վ է բեմ դուրս գալու, առաջիկայում կտեսնեք։

Հ.Գ. Կան դատավորներ, ում ես քվե եմ տվել, և ուրեմն իրենց գործունեության մութ ու լուսավոր կողմերին առաջիկայում անդրադառնալն անհրաժեշտություն է»։

Տեսանյութեր

Լրահոս