1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում
1997թ.-ին Արցախում անցակցված արտահերթ նախագահական ընտրություններին, մասնավորապես Մարտունու շրջանի Ճարտար ու Խնուշինակ համայնքների բնակիչները, Սամվել Բաբայանի ձևակերպմամբ, «գլխի վրա կանգնեցին» և, անտեսելով իշխանության ցանկությունները, իմ թեկնածության օգտին ավելի քան 90 տոկոս քվե ապահովեցին, սակայն ձայների հաշվարկի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովները տոկոսային հարաբերակցությունը նույն կերպ փոխեցին՝ ի օգուտ Արկադի Ղուկասյանի՝ նշելով, որ դա Սամվել Բաբայանի ցանկությունն է, իսկ այն ժամանակ «կոմանդույուշի»-ի ասածը չգրված օրենք էր բոլորի համար:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում պատմեց «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնչեցրած այն հայտարարությանը, որ եթե անգամ ամբողջ Ղարաբաղն էլ գլխի վրա կանգնի, Արայիկ Հարությունյանը նախագահ չի դառնալու:
«Բարեբախտաբար, 1997թ.-ի դառը իրականությունն Արցախում վաղուց հիշողություն է դարձել: Մեզ հաջողվել է քաղաքական դաշտի ձևավորման գործընթացի հիմքերն ամրապնդել իրավական դաշտում, որտեղ քաղաքացու քվեն արժեք է: Արդյունքում մենք ունենք նոր որակի մտածողությամբ անկախության սերունդ, որը մերժում է բռնապետական ռեժիմը: Բացի դրանից, մեզ համար անհասկանալի է մնում Բաբայանի և իր կողմնակիցների կողմից «Ազատ հայրենիք» կուսակցությանը և նրա առաջնորդին անընդհատ ու անհիմն թիրախավորելը: Քանի որ ի սկզբանե հայտարարել ենք, որ կողմ ենք օրենքի շրջանակում իրականացվող ցանկացած նախաձեռնության, հետևաբար, որևէ կերպ չենք խոչընդոտել ստորագրահավաքի աշխատանքներին: Խմբակցությունը երբևէ քննարկում չի անցկացրել նախաձեռնության հանդեպ որևէ դիրքորոշում հայտնելու նպատակով:
Փոխարենը մենք տեսնում ենք դժգոհություններ ունեցող հանրային հատվածի մոբիլիզացման աշխատանքներ՝ ուղղված են անպատասխանատու քայլերի մղման և հակաօրինական ճանապարհով իշխանությունը զավթելու նախապատրաստմանը: Ուստի պարտավոր էինք հայտարարել, որ սահմանադրական կարգի տապալման որևէ փորձ թույլ չենք տալու»,- ասել է Ա. Թովմասյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքական դաշտ մտնելու բազմաթիվ օրինական ճանապարհներ կան և, հատկապես, այնպիսի արտաքին մարտահրավերներ ունեցող երկրում, ինչպիսին Արցախն է, չի կարելի ներքին անկայունության վտանգներ ստեղծել:
«Մարտին Լյութերն ասում է, որ բոլորը կարող են հերոսանալ, եթե ցանկանում են ծառայել ժողովրդին, բայց ես կշարունակեի միտքը. հերոսից հակահերոս դառնալն ընդամենը մեկ քայլ է: Չի կարելի վրեժի վրա իշխանություն կառուցել, քանի որ ինչպես կասեր ականավոր քաղաքական և պետական հնդիկ գործիչ Գանդին, այդ ճանապարհով կառուցված երկիրը կույր է: Մենք ընդդիմության հետ մշտապես ունեցել ենք առողջ քաղաքական հարաբերություններ՝ բացի քաղաքական մշակույթի ձևավորումից, հարցերի հարց մշտապես համարելով մեր պետության և ժողովրդի շահը: Ուստի, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս ցանկանում եմ ողջախոհության ու սթափության կոչ անել»,- նշել է Ա. Թովմասյանը: