Ստեփանակերտի մարզադաշտում ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման փորձեր. բացման արարողությանը կլինեն անակնկալներ
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ընթանում են Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական փորձեր:
Ստեփանակերտի մարզադաշտում ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման փորձեր. բացման արարողությանը կլինեն անակնկալներ
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ասել է, որ փորձերը կշարունակվեն մինչև հուլիսի 25-ը, իսկ հուլիսի 27-ից կլինեն գլխավոր փորձերը. այն կտևի մինչև օգոստոսի 5-ը:
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի կունենա Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողություն:
«Փորձերն ընթանում են լավ: Բացման արարողությունը լինելու է չափազանց գեղեցիկ, սպասվում են հետաքրքիր անակնկալներ: Մասսայական տեսարաններում ընգրկված է լինելու շուրջ 1500 մասնակից՝ պարողներ, դերասաններ, կամավորականներ, որոնց հետ խաղերի գլխավոր ռեժիսորն այժմ փորձեր է անցկացնում»,-ավելացրել է Ի. Զաքարյանը:
Խոսելով մարզադաշտի պայմանների մասին՝ նա ասել է, որ մարզադաշտը փոքր է:
Ըստ Ի. Զաքարյանի՝ ներկայումս համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչների մասով իրենք ունեն 4-5 հազար հրավիրատոմսի պատվեր: Փորձում են մարզադաշտն այնպես օգտագործել, որ բացման արարողությանը կարողանա մասնակցել 7-8 հազար հանդիսատես: Խաղերի բացման արարողությանն ընդգրկված է լինելու 7-8 հազար մարդ՝ շքերթի, ստեղծագործական խմբի և այլ մասնակիցներ:
«Խնդրին լուծում տալու համար նախատեսում ենք տեղադրել երկու մեծ էկրան, որոնցով ուղիղ հեռարձակում ենք ապահովելու: Դրանք կտեղադրվեն Վերածննդի հրապարակի աջ և ձախ կողմերում: Այն մարդիկ ովքեր հնարավորություն չեն ունենա մտնելու մարզադաշտ, գոնե հրապարակից կկարողանան հետևել բացման արարողությանը: Մարզադաշտի մուտքն ազատ է լինելու»,-մասնավորապես ասել է մեր զրուցակիցը:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանի խոսքով՝ խաղերի մեկնարկը տրվելու է Արցախից, հետո այն շարունակվելու է ՀՀ-ում:
«Ֆուտբոլային խաղերն անց են կացվելու Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի նորակոռույց մարզադաշտերում, որոնք համապատասխանում են ժամանակակից չափանիշներին: Պետք է նշեմ, որ ինչպես ԱՀ-ում, այնպես էլ ՀՀ-ում կան մարզադահլիճների պակաս: Եթե մենք ուզում ենք համահայկական խաղերը զարգացնել, պետք է մտածել նոր մարզաբազաներ ստեղծելու մասին: Ստեղծվել են կառավարական հանձնաժողովներ, ովքեր զբաղվում են հենց այդ հարցերով: Համահայկական խաղերին արդեն գրանցվել են 350-ից ավել մրցավարներ, որոնցից 150-ը կմասնակցեն շքերթին»,-մասնավորապես ասել է Դ. Գաբրիելյանը: