Ո՞վ պետք է վճարի ՄԻԵԴ որոշումներով հատուցումները՝ ըստ Եղիշե Կիրակոսյանի
Մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 111 գործով վճիռ, որից 107-ով արձանագրվել է առնվազն մեկ խախտում, 4-ով որևէ խախտում չի արձանագրվել, չնչին քանակով հաշտություններ են կնքվել: ՄԻԵԴ վճիռներով ՀՀ-ն հատուցել է 1 մլն 360 հազար եվրո գումար:
168.am-ը ՀՀ վարչապետի խորհրդական, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց՝ այժմ ի՞նչ իրավիճակ է ՄԻԵԴ-ում՝ ընդդեմ ՀՀ-ի գործերի հետ կապված, որքա՞ն «դեմ» վճիռներ են ակնկալվում:
«Շատն ու քիչը հարաբերական է, որովհետև ընթացքը կոնստանտ գնում է, Հայաստանից անընդհատ դիմում են, տարբեր խախտումների վերաբերյալ քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացվում են: ՄԻԵԴ-ը վերջերս որոշակիորեն բարեփոխել է ընթացակարգերը, ավելի արագացրել է պրոցեսը, որ մի փոքր արագանա կոմունիկացիայի փուլը: Այլ առանձնահատուկ բան չկա»,- ասաց Ե.Կիրակոսյանը:
Անդրադառնալով մշտապես բարձրացվող հարցին, որ ՄԻԵԴ որոշումներով հատուցումները վճարեն այն անձինք, դատավորները, որոնց կայացրած որոշումների պատճառով ՄԻԵԴ-ում ՀՀ-ն պարտվում է, Ե.Կիրակոսյանը նշեց, որ այդ հարցն այս պահին կառավարությունում չի քննարկվում:
«Նոր օրենքի նախագծով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ է ստեղծվում, քանի որ խնդիրները, որոնք ՄԻԵԴ-ը բարձրացնում է ՀՀ-ի վերաբերյալ, մի քիչ ավելի բարդանում են և ֆունդամենտալ են դառնում, և դրանց նկատմամբ պահանջվող ուշադրությունը կարևորվում է»,- ասաց Ե.Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ այդ խնդիրները կարող են կապված լինել կալանքի հետ, խոշտանգումների, խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի, արդարացի դատաքննության խախտումների հետ, և այլն.
«Դրանք այն հիմնական ուղղություններն են, որոնցով Դատարանն արձանագրում է խախտումները, որոնք հետզհետե ավելի խորքային ու բարդ են դառնում: Նոր կազմավորվելիք գրասենյակը պետք է փորձի հասկանալ այդ խնդիրների պատճառները, թե ինչու են կրկնվում, ինչու չի հաջողվում դրանք վերացնել»:
Գումարի փոխհատուցման վերաբերյալ Ե.Կիրակոսյանը նշեց, որ դժվար է 1 կամ 2 մեղավոր գտնել, քանի որ իրականում ամբողջ համակարգն է պատասխանատու, քանի որ ՄԻԵԴ դիմելուց առաջ քաղաքացին պետք է դատական բոլոր ատյաններով անցնի, այսինքն՝ խախտումների պատճառը մեծ մասամբ համակարգային է. «Այս պահին դեռ չենք քննարկում, բայց ապագայում գուցե ինչ-որ մեխանիզմ պետք է մշակել: Բայց միևնույն է՝ պետության պատասխանատվությունն է, այսինքն՝ եթե 3 ատյան անցնում ես, ու խախտումը մնում է, դա արդեն պետության ներքին խնդիրն է»:
Նա դժվարացավ նշել՝ կա՞ նման միջազգային պրակտիկա, որ փոխհատուցումը վճարի «մեղավոր» չինովնիկը:
«Չեմ կարծում, որ նման տարբերակ կլինի, բայց այդ ուղղությամբ մանրամասն չենք ուսումնասիրել»,- ասաց Ե.Կիրակոսյանը: