ՊԵԿ-ը հետ է քաշվել ապօրինի գույքը բռնագանձելու նախագծից՝ այն վստահելով Արդարադատության նախարարությանը
Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ նախագծին՝ տեղեկացրեց, որ աշխատանքային խումբ էր ձևավորվել և աշխատում էր, որն ի պաշտոնե ղեկավարում էր Արդարադատության նախարարությունը։
«Այնուամենայնիվ մենք այստեղ ունեինք շատ ակտիվ դերակատարում, քանի որ ըստ էության մենք էինք տանում այս թեզը։ Իրավական հարցերում իմ նախկին տեղակալը՝ պարոն Բադասյանը, շատ ակտիվ ներգրավված էր։ Շատ ուրախ եմ, որ այժմ լինելով արդարադատության նախարար՝ նա շատ ակտիվ այդ հարցը համակարգված առաջ կտանի։ Որպես Պետական եկամուտների կոմիտե՝ մի փոքր հետ ենք քաշվել այդ գործընթացից, քանի որ այդ գործընթացը շատ հուսալի ձեռքերում է»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Նա նաև ընդգծեց, որ նախագիծը, հնարավոր է, հանրության մոտ առաջացնի որոշակի տարընթերցումներ, որի վերաբերյալ Արդարադատության նախարարությունն ավելի շատ է լիազորված խոսելու և պարզաբանելու։
«Միշտ իմացեք, որ հնարավոր չէ որևէ անձի զրկել սեփականության իրավունքից՝ առանց դատարանի որոշման։ Ամեն ինչի հիմքում դա է ընկած, այս սկզբունքը միշտ պահպանվելու է։ Սա այն չէ, որ ՊԵԿ-ը կամ որևէ պետական մարմին, որն անմիջական կզբաղվի դրանով, իրավունք կունենա ցանկացած անձից խլել նրան պատկանող գույքը՝ բռնագանձել պետությանը հասցված վնասի դիմաց։ Նման բան հնարավոր չէ, ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են, կան գործընթացներ, որոնք միջազգային փորձին համահունչ պետք է լինեն։ Չի կարելի և հնարավոր չէ ընդունել այնպիսի իրավական ակտ, որն այս կամ այն անձի սեփականությունը կարող է բռնագանձել առանց դատարանի որոշման»,- եզրափակեց Դավիթ Անանյանը։
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման վերաբերյալ օրերս Արդարադատության նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով.
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու և նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ, չունի քրեաիրավական հետևանքներ և քրեական գործի քննության վրա չի կարող ազդել: Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի»: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան